
Ինչու՞ դպրոցին գումար հատկացնելու տեղեկությունն անհետացավ կառավարության կայքէջից
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի 4-րդ աստիճանի վթարային դպրոցի պատմությանը «Հետքը» բազմիցս անդրադարձել է: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դպրոցի վթարայնության վերաբերյալ կառավարությանը հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ սեպտեմբերին կառավարության նիստի օրակարգում Վարդենիսի վթարային դպրոցի համար գումար հատկացնելու հարց է եղել, սակայն որոշ ժամանակ անց ոչ գումար է հատկացվել, ոչ էլ խնդիրն է լուծվել, իսկ դպրոցը կառուցելու հարցն ընդհանրապես անհետացել է կառավարության պաշտոնական կայքէջից: Անահիտ Բախշյանն ասաց, որ իր ձեռքի տակ է կառավարության կայքէջից տպված որոշումը, որով գումար է հատկացվել Վարդենիսում դպրոց կառուցելու համար:
Նկարագրելով Վարդենիսի դպրոցի ավերակ վիճակը՝ Անահիտ Բախշյանն ասաց, որ այնտեղ նույնիսկ «շունը չի մտնի», մինչդեռ 80-ից ավել երեխա է այնտեղ սովորում:
Պատգամավորի հարցին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրան՝ Վարդենիսի դպրոցի համար գումար հատկացնելու տեղեկատվությունը սխալմամբ է տեղադրվել կայքէջում եւ նման հարց կառավարությունում չի քննարկվել:
Տիգրան Սարգսյանի ասելով՝ Հայաստանում կա 30 վթարային դպրոց, իսկ 300-ը գտնվում են վերանորոգման փուլում. սակայն պետությունը չունի բավարար ֆինանսական միջոցներ՝ շինարարական աշխատանքներն ավարտելու համար:
«Ես ներողություն եմ խնդրում տեղի ունեցած թյուրիմացության համար»,- ԱԺ ամբիոնից ասաց Տիգրան Սարգսյանը: Անահիտ Բախշյանն էլ հակադարձեց, թե իրենից ներողություն պետք չէ խնդրել, եւ վարչապետը պետք է ներողություն խնդրի Վարդենիսի դպրոցի աշակերտներից:
«Ասում եք՝ հավատանք, որ փոխենք, մենք էլ ասում ենք՝ փոխվեք, որ հավատանք»,- ավելացրեց Անահիտ Բախշյանը: Պատգամավորի այս խոսքերից վարչապետը վիրավորվեց եւ նշեց, թե փետք է փոխադարձաբար պահեն էթիկայի կանոնները եւ միմյանց չվիրավորեն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել