HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի հայտարարությունը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը։ Օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը:

Վիկտոր Բիյագովը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շփման գծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետանու և օդուժի կիրառմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը և դրան հետևած սադրիչ գործողությունները:

ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Բիյագովը գործընկերների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ագրեսիայի նախապես ծրագրված լինելու հանգամանքի և փաստերի վրա՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության առնչությամբ, ինչը ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի բացարձակ ոտնահարում:

«Հրաժարվելով խաղաղ բանակցություններից՝ ադրբեջանական ղեկավարությունը ընտրել է ղարաբաղյան խնդրի լուծման իր ճանապարհը՝ հրահրելով լայնամասշտաբ պատերազմ, որի արդյունքում արդեն կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ ռազմաքաղաքական աջակցությունը, որը նպաստում է նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի հետագա ապակայունացմանը, լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդների համար։ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծառայում են թուրք մասնագետներ, օգտագործվում է թուրքական արտադրության զինտեխնիկա՝ այդ թվում ԱԹՍ-եր և ռազմական ինքնաթիռներ։ Թուրք-ադրբեջանական խմբավորումների կուտակումը ՀԱՊԿ անդամ պետության սահմանին չի կարող չանհանգստացնել մեզ։ Մենք վճռական ենք ամբողջ ուժով դիմադրել և չեզոքացնել թուրք-ադրբեջանական այդ դաշինքի մտադրությունները»,- նշել է ՀՀ ներկայացուցիչը։

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն անդրադարձել է նաև այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ապատեղեկատվության տարածմանը, որը նպատակ ուներ հող նախապատրաստելու հակամարտության մասշտաբների ընդլայնման և Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար։

«Հակամարտության աշխարհագրության ընդլայնումը կարող է անմիջական վտանգ ստեղծվել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, և այդ դեպքում մեր կողմից գործի կդրվեն համապատասխան ռազմաքաղաքական մեխանիզմներ՝ ուղղված արտաքին ագրեսիայի հավաքական հակազդմանը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter