HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիան հերթական անգամ լռեցնում է քննադատ ձայները. սոցիալական մեդիան կարգավորող նոր օրենքը ուժի մեջ է մտնում մի քանի օրից

Թուրքիայում օրական ավելի քան 1 մլն օգտվող ունեցող սոցիալական մեդիան կարգավորող օրենքը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից: Ըստ նոր օրենիքի՝ սոցիալական ցանցերը պարտավորվում են Թուրքիայում բացել գրասենյակ կամ նշանակել տեղական ներկայացուցչի, որը հաշվետու կլինի Թուրքիայի իշխանություններին ինչպես իրավական, այնպես էլ հարկային դաշտում։

Անգլիական «The Guardian» պարբերականի աղբյուրների նախնական տվյալներով՝ ո՛չ Facebook- ը, ո՛չ Twitter- ը չեն նախատեսում շարժվել նոր օրենքի կանոններով։ Նրանք ձգտում են կամ փոխզիջման հասնել պաշտոնական Անկարայի հետ, կամ ապավինել իրենց օգտատերերին և հորդորել նրանց կայքերից օգտվել VPN ցանցերի միջոցով:

Եթե ​​սոցիալական կայքերը 6 ամսվա ընթացքում չկատարեն նոր օրենսդրության պահանջը, Թուրքիայի կառավարությունը կկարողանա արգելել գովազդը այդ հարթակներում, խոշոր տուգանքներ սահմանել՝ մինչև 4 միլիոն ֆունտ ստերլինգ, և սահմանափակել կայքերի թողունակությունը մինչև 90%, ինչը էականորեն կդանդաղեցնի մուտքը այս կայքեր: Այլընտրանքը պաշտոնական Անկարայի գրաքննության նոր ռեժիմին հետևելն է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը նախկինում փորձել է երկրում արգելափակել YouTube և Wikipedia կայքերը, սակայն երկու դեպքում էլ որոշ ժամանակ անց ստիպված է եղել հրաժարվել այդ որոշումից:

Թուրքիայի կառավարությունն ինքը լայնորեն օգտագործում է ինչպես Facebook, այնպես էլ Twitter ցանցերը, և այդ կայքեր մուտք գործելը կսահմանափակի նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ)՝ Թուրքիայի հանրության հետ հաղորդակցվելու միջոցները:

Էրդողանի իշխանության 17 տարիների ընթացքում Թուրքիայի տեղական լրատվամիջոցները գրեթե ամբողջությամբ վերահսկելի են դարձել։

Այսպես, «Cumhuriyet» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի (Can Dündar) նման շատ լրագրողներ ստիպված են եղել հեռանալ երկրից Թուրքիայի կառավարությանը քննադատող, կոռուպցիան և ապօրինությունները բացահայտող հոդվածներ հրապարակելու համար: Ջան Դյունդարին Թուրքիան ձերբակալել էր 2015 թ.-ին այն բանից հետո, երբ իր թերթը հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը զենքեր մատակարարում Սիրիայում կռվող իսլամիստական խմբերին։ Մեկ տարի անց լրագրողի հանդեպ անհաջող մահափորձ է կազմակերպվել, դատարանը նրան դատապարտել է 5 տարով՝ պետական գաղտնի տեղեկատվություն հրապարակելու համար, ինչից հետո նա ստիպված է եղել գաղթել Գերմանիա։

Այժմ Թուրքիայում կա տարբեր պատճառներով ձեռբակալված 200-ից ավելի լրագրող, որոնց գործունեությունը խանգարում է Էրդողանին։

Էրդողանն արդեն լռեցրել է ընդդիմադիր լրատվամիջոցների մեծ մասին, և ԱԶԿ-ն այժմ իր ուշադրությունը կենտրոնացնում է սոցիալական մեդիայի վրա, որը լայնորեն օգտագործում են կառավարության ընդդիմախոսները:

Ըստ al-Monitor կայքի՝ նոր օրենքը տարածվելու է ցանկացած հարթակի վրա, որը թույլ է տալիս օգտվողներին տարածել կամ դիտել փաստաթղթեր, նկարներ կամ տեսանյութեր, ինչը հնարավորություն է տալու Թուրքիայի կառավարությանը թիրախավորել նաև այնպիսի կայքեր, ինչպիսիք են Wikipedia-ն, Netflix-ը կամ Spotify-ը: Al-Monitor-ի գնահատմամբ, այս սահմանափակումները չեն տարածվելու ինտրանետով միացված կառավարական համակարգիչների, արբանյակային ինտերնետ կապերի և ոչ թուրքական հեռախոսահամարներ ունեցող անձանց վրա:

Գլխավոր լուսանկարը՝ ahvalnews-com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter