
Անհրաժեշտ իրերի հավաքագրում Արցախի համար (լուսանկարներ)
Արմենի, Լիլիի, Ալենի, Արթուրի և իրենց ընկերների նախաձեռնությամբ երեկվանից մարդիկ Արամ Մանուկյանի արձանի մոտակա այգում սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ և դեղորայք են բերում առաջնագծում ծառայող զինվորականների և Արցախի բնակչություն համար, և դասավորում դրանք համապատասխան արկղերի մեջ:
Նախաձեռնության անդամ Արման Գառնիկյանն ասում է, որ միայն երեկ Պաշտպանության նախարարությանն ուղարկել են մոտ 10 տոննա ալյուր և քաղցրավենիքով 11 բեռնատար: Արձագանքը բավական մեծ է եղել: Այսօր էլ մարդկանց հոսքը չի դադարում:
«Ունենք կամավորների մեծ զորք, որոնք օգնում են, սորտավորում են մարդկանց բերածը»,- շտապում է տեղեկացնել Լիլին:
Արմենն էլ տեղեկացնում է, որ իրենք վաղվանից դադարեցնում են հավաքագրումը: Օգնել ցանկացողները կարող են վարչական շրջաններ դիմել:
«Ինչ-որ խմբեր կեղծիքներ կարող են անել, գիտենք՝ ինչ էր եղել մի քանի տարի առաջ, հասկանալի պատճառներով քաղաքապետի հրամանով ամեն վարչական շրջանի շենքի հետնամասում սնունդը հավաքագրվում է»,- ասում է նա:
Կամավոր Լիլիթն էլ օգնություն տվողների անուններն է լրացնում թղթի վրա: Ասում է՝ ինքը նախաձեռնության անդամ չէ, բայց տեսնելով այստեղ հավաքված մարդկանց՝ որոշել է օգնել հավաքագրման գործում:
Մեկնաբանել