HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արյան բանկ. ինչպես է հավաքվում, մշակվում և օգտագործվում 

Արդեն երրորդ օրն է՝ մարդկանց մեծ հոսք է գալիս Արյունաբանական կենտրոն: Ամեն ինչ սկսվեց Առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռուբեն Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի» ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից, որով քաղաքացիներին հրավիրում էին արյուն հանձնելու՝ պատերազմից տուժածների բուժումը կազմակերպելու համար։ Ինչպես նշում են կենտրոնի բուժաշխատողները, ֆեյսբուքյան հրապարակումից րոպեներ անց հարյուրավոր մարդիկ են ներկայացել՝ արյուն հանձնելու:

«Երեկ մինչև կեսգիշեր մարդիկ այստեղ կանգնած էին, ուղղակի չէին հեռանում»,- պատմում է տրանսֆուզիոլոգիայի և արյան պաշարման բաժանմունքի կլինիկական օրդինատոր Գայանե Սարգսյանը։

Որպեսզի ամեն ինչ լինի ճիշտ ժամանակին, և արյան զանգվածը խոտանի չվերածվի, Կենտրոնը մշակել է հերթագրման համակարգ, ինչպես նաև սահմանել հստակ պայմաններ. առաջնահերթությունը տալ բացասական ռեզուս ունեցող անձանց ու թեկուզ դրական ռեզուսով նախապես հերթագրվածներին:

Արյան մշակում

Դոնորից փոխներարկում ճանապարհին արյունն անցնում է մշակման փուլ, որը կարող է արվել սահմանափակ ժամանակում։ Հերթագրման համակարգն օգնում է  խուսափել միանգամից շատ արյուն վերցնելու և այն փչացնելու վտանգից։ 

արյան մշակման փուլեր.png (57 KB)

Արյան մշակման գործընթացը կրկնվում է երկու անգամ. այն նախևառաջ անցնում է լաբորատոր անալիզներ, մի քանի տարբեր բժշկական հետազոտություններ, ստուգվում է դրա համապատասխանությունը բոլոր չափանիշներին, որպեսզի չլինեն խնդիրներ, ինչպիսիք, օրինակ, վիրուսներն են, որոնց մասին կարող է անգամ դոնորը տեղյակ չլինել: Արյան մշակման փուլերից է նաև պլազմայի, էրիտրոցիտար ու թրոմբոցիտար զանգվածների առանձնացումը, ինչպես նաև այդ ամենին կից իրականացվող թղթաբանությունը:

Կորոնավիրուսի վտանգներ

Կորոնավիրուսի թեստ արյան դոնորները չեն հանձնում։ Բոլոր հավանական դոնորները սկզբում լրացնում են հարցաթերթիկ, որում պատասխանում են հարցին, թե արդյոք երբևէ ունեցել են վարակիչ հիվանդություններ (որոնց մեջ մտնում է նաև COVID-19-ը) կամ շփվել են վարակիչ հիվանդություն ունեցող անձանց հետ: Եթե ունեցել են կորոնավիրուս կամ շփվել են վիրուսակիր որևէ մեկի հետ, ապա պետք է դրանից անցած լինի երեք ամիս: Պահանջներին համապատասխանելու դեպքում բոլորն անցնում են թերապևտի հետազտություն: 

Միֆեր

Գայանե Սարգսյանն ասաց, որ արյան բանկի հետ կապված շատ թյուր տեղեկություններ է լսում և ևս մեկ անգամ կրկնեց, որ արյան կամ դոնորների պակաս չկա: Շրջանառվող այն միտքը, որ նույնասեռական անձնանցից արյուն չեն վերցնում կամ իրենց նախապատվություն չեն տալիս, նույնպես չի համապատասխանում իրականությանը: 

Հնարավոր է հերթագրվել նաև հեռախոսազանգի միջոցով

Հերթագրման և տարբեր կազմակերպչական աշխատանքներում օգնում են ինչպես Հայկական Կարմիր խաչի կամավորները, ովքեր միացել էին երեկ առավոտյան 10-ից, այնպես էլ բժշկության հետ որևէ կապ չունեցող անձինք։

Արյան բանկին դոնորներ են անհրաժեշտ ոչ միայն պատերազմական կամ ռազմական դրության պայմաններում, այլ միշտ։

«Մենք Հայաստանում այն եզակի կառույցներից մեկն ենք, որը երկիրն ապահովում է արյան պաշարներով։ Կարևոր է, որ ռազմական դրությունը խթանի մարդկանց պատրաստակամությունը, որպեսզի հետագայում նրանք ևս գիտակցեն անհրաժեշտությունն ու գան»,- հավելեց Գայանե Սարգսյանը:

Արյունը չի հավաքվում միայն զինվորների համար, ՀՀ տարբեր հիվանդանոցների հիվանդներ նույնպես ունեն արյան կարիք: 

Հիշեցնենք, որ արյան դոնոր կարող են լինել 18-ից բարձր անձինք, ովքեր չպետք է ունենան հիպերտոնիա, ուղեկցող հիվանդություններ, կանանց դեպքում ունենան 53 կգ-ից, իսկ տղամարդկանց դեպքում՝ 63 կգ-ից ավելի քաշ, չպետք է ընդունած լինեն արյան վրա ազդող դեղորայք, խոսքը չի վերաբերում վիտամիններին, այլ հորմոններին, հակաբիոտիկներին, ինչպես նաև արյան մակարդելիության վրա ազդող դեղորայքին, օրինակ՝ ասպիրին կամ կարդիո-մագնիլ։ Կենտրոնի մանրամասն տեղեկատվությունը արյան դոնոր դառնալ ցանկացողների համար։

Քրիստիան Գինոսյան
Հետք Մեդիա Գործարանի ուսանող 

Մեկնաբանություններ (1)

Սաթենիկ Աթանեսյան
Բարի երեկո ես ուզում եմ այրուն հանձնեմ եվ ուզում եմ իմանալ այրուն հանձնելը վճարովիյա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter