Երեք կուսակցություն արդեն առաջադրվել է
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների թեկնածուների առաջադրման ժամկետին մնացել է մեկ օր, եւ ընտրապայքարի ցանկություն ունեցող կուսակցություններն ու դաշինքները, ինչպես նաեւ մեծամասնական թեկնածուները վաղը` մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, պետք է առաջադրման փաստաթղթերը ներկայացնեն ընտրատարածքային հանձնաժողովներին:
Այսօր համամասնական ընտրակարգով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել երեք կուսակցություններ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ Միավորված հայեր կուսակցությունը:
Մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուները եւս առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ:
Երեւանի թիվ 5 ընտրատարածքում (Դավիթաշեն, Արաբկիր) առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, իսկ թիվ 6-ում (Աջափնյակ)` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ վարչական տարածքներն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում առաջադրվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշատակազմի բաժնի պետի տեղակալ, անկուսակցական Վարդան Վարդանյանը: Այս ընտրատարածքում ավելի վաղ առաջադրվել էր ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:
Թիվ 8 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ) առաջադրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ով Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան է: Նույն ընտրատարածքում առաջադրվել նաեւ ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը:
Թիվ 9 ընտրատարածքում (Կենտրոն, Աջափնյակ) առաջադրվել է ՀԱԿ-ի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, իսկ թիվ 11-ում (Շենգավիթ, Էրեբունի)՝ ՀԱԿ-ի մեկ այլ անդամ Արշակ Բանուչյանը: Այդ ընտրատարածքում առաջադրվել է նաեւ «Իմէքս Գրուպ» ՍՊԸ-ի ինժեներ-մեխանիկ, անկուսակցական Կարեն Սմբատյանը:
Թիվ 12 ընտրատարածքում (Շենգավիթ, Էրեբունի) առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել «Հայէլեկտրո գործարան» ՓԲԸ-ի տնօրենի խորհրդական, ՕԵԿ անդամ Ռոբերտ Մասումյանը, իսկ թիվ 13 ընտրատարածքում (Էրեբունի, Նուբարաշեն) Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի դեմ այսօր ինքնառաջադրվել է անկուսակցական Վիոլետա Պետրոսյանը:
Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքում առաջադրվել է «Աշտարակի քարհանք» ԲԲԸ-ի նախագահ, ՀՅԴ անդամ Գուրգեն Շահինյանը:
Արարատի մարզի թիվ 16 ընտրատարածքում այսօր առաջադրվել է ՀՀՇ-ական Գեւորգ Գեւորգյանը:
Արմավիրի մարզի թիվ 20 ընտրատարածքում ընտրապայքարի հայտ է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Հովհաննիսյանը, իսկ մարզի մեկ այլ՝ թիվ 21 ընտրատարածքում` «Ժառանգության» անդամ Գագիկ Մարգարյանը, ՀՀՇ անդամ Սեդրակ Հովհաննիսյանը եւ անկուսակցական Մերուժան Մխոյանը:
Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքում այսօր առաջադրվել են ՀՀԿ-ականներ պատգամավոր Մանվել Բադեյանն ու Գրիշա Հովեյանը:
Կոտայքի մարզի թիվ 27-ում առաջադրվել են ՀԱԿ-ի անդամ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանն ու Աբովյանի քաղաքապետի օգնական, անկուսակցական Մանուկ Հակոբյանը:
Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքում առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել անկուսակցական Գրիգոր Դանիելյանը, իսկ թիվ 30-ում՝ ՀՀԿ անդամ Վիկտոր Դալլաքյանն ու ՀՀՇ անդամ Աշոտ Մանուկյանը:
Մարզի թիվ 31 ընտրատարածքում առաջադրվել է ՀՀՇ անդամ Սարգիս Թամազյանը, իսկ թիվ 32-ում` անկուսակցական փաստաբան Անուշավան Նիկողոսյանը:
Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքում ընտրապայքարի մեջ է մտել «Փոկաս» ՍՊԸ-ի հաշվապահ, ՀՀՇ-ական Շալիկո Զորյանը, իսկ թիվ 36-ում` ՀԱԿ անդամ, Ժողովրդավարական հայրենիք կուսակցության անդամ Պետրոս Մակեյանը:
Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում առաջադրվել է առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը:
Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում այսօր առաջադրվել է «Ինտերնեշնլ Մասիս տաբակի» բանվորուհի Սուսաննա Աբրահամյանը: Առայժմ նա միակ առաջադրվածն է այդ տարածքից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել