
«Հայացք». Որպեսզի մանկապիղծ Սերոբը չմեկնի արտասահման, ուր գուցե շարունակի իր սիրած գործը
Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված «Մեթըլ փրինս» ընկերության նախկին ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանի հաստ աղիքից հեռացված ուռուցքը, ինչպես երեկ տեղեկացանք նրան վիրահատած բժշկից' Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պրոկտոլոգիայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր, բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Աղավելյանից, չարորակ բնույթի է: Ըստ պրոֆեսորի' դա պարզվել է մորֆոհիստոլոգիական հետազոտության, լաբորատոր բջջային քննության արդյունքում:
- Իրենը տրված էր, եթե չեմ սխալվում, 3-4-րդ ստադիա,- ասաց Ա. Աղավելյանը:- Մետաստազներ կային լիմֆատիկ գեղձերում' այդ ուռուցքի շուրջ, որոնք հեռացված են:
Պրոֆեսորի հավաստմամբ' հիշյալ մետաստազները լրիվ հեռացված են, մնում է, որ քիմիաթերապիա իրականացվի, համապատասխան քիմիական պրեպարատների նշանակումները կատարված են արդեն, բուժումը ստանում է, վիճակը բարվոք է, միայն, ինչպես բնորոշ է նման վիրահատություններից հետո, հեմոգլոբինի մակարդակն է ցածր, որը կարգավորում են:
Նկատենք, որ եթե անգամ պրոֆեսորը սխալվում է, այսինքն' չարորակ նորագոյացությունն իր զարգացման փուլով ոչ թե միջանկյալ' 3-4-րդ, այլ 3-րդ աստիճանի է, ապա միևնույն է, պատժի կրումից նրա վաղաժամ ազատումը ընդամենը ժամանակի հարց է: Կարծում ենք, կարճ ժամանակի, հավանաբար' ընտրություններից որոշ ժամանակ հետո, որպեսզի հասարակական բացասական արձագանքը չունենա ենթադրելի հետևանքներ: ՀՀ կառավարության 26.05.2006 թ. թիվ 825-Ն որոշման թիվ 2 հավելվածի համաձայն' 3-րդ աստիճանի չարորակ նորագոյացությունը' անկախ նորագոյացության տեղակայումից, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում է: Հասկանալի չէ, սակայն, թե այժմ կարո՞ղ է խոսք լինել 3-րդ աստիճանի չարորակ ուռուցքի մասին, երբ այն արդեն վիրահատական ճանապարհով հեռացված է: Այս հարցը մասնագիտական պատասխան է ենթադրում, սակայն մեր զրուցակիցը սկզբնապես նշեց, որ մասնագիտական հարցերին չի պատասխանելու' անիմաստ դարձնելով այս կապակցությամբ մեր հարցադրումները:
Իհարկե, նորագոյացության զարգացածության աստիճանը, ի վերջո, որոշվելու է հանձնաժողովային կարգով: Սակայն որպեսզի բացառվի ցանկացած սուբյեկտիվիզմ, նկատի ունենալով խնդրի հասարակական մեծ հնչեղությունը, նաև այն, որ ազատվելու դեպքում Ս. Տեր-Պողոսյանը կարող է անարգել մեկնել արտասահման, անհրաժեշտ ենք համարում, որ այդ հանձնաժողովը լինի ընդլայնված կազմով, դրանում ընդգրկվեն նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի, Դատական բժշկության գիտագործնական կենտրոնի և այլ մասնագետներ:
Արթուր Հովհաննիսյան
Մեկնաբանել