Էմանուել Մակրոն. «Թուրքիայի պատերազմական ուղերձներն ազատում են Ադրբեջանի ձեռքերը՝ վերանվաճելու Ղարաբաղը»
Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն այսօր Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախում սկսված պատերազմին։ Ի պատասխան «Մոնդ» թերթի լրագրողի հարցին՝ արդյոք հակամարտությունը չի վերածվում տարածաշրջանային ճգնաժամի, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ լրագրողը ճիշտ է ընդգծում այդ ճգնաժամի կարեւորությունը ամբողջ տարածաշրջանի համար։
Նա նշել է, որ Ֆրանսիան արդեն կոչ է արել հակամարտության կողմերին անմիջապես դադարեցնել կրակը առանց պայմանի եւ այսօր վերահաստատում է այդ կոչը։ «Ես առիթ եմ ունեցել խոսելու վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի հետ եւ այդ ուղերձը հստակ փոխանցել եմ»,- ասել է Մակրոնը։
Մակրոնի խոսքով՝ հաստատվել է, որ կրակը եղել է Ադրբեջանի կողմից, եւ ինքը պահանջել է դադարեցնել հարձակումը, հատկապես, որ այն անհամաչափ էր՝ հաշվի առնելով սահմանին եւ տարածաշրջանում թեժացումները, որ առկա էին դեռեւս հուլիսից։ «Այս փուլում չկան այն էլեմենտները, որոնք թույլ կտան խոսել կոնֆլիկտի՝ տարածաշրջանային դառնալու մասին։ Դրա համար մեր նախարարներին եւ համապատասխան ծառայություններին խնդրել եմ տրամադրել փաստերի մանրամասները՝ ի՞նչ է նախորդել կիրակի օրվան եւ ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո, ովքե՞ր են պատասխանատուները»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը։
Նախագահ Մակրոնը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ռազմական գործողությունների առաջին օրվանից Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնել՝ լուծում առաջարկել այս իրավիճակի հանգուցալուծման համար, եւ այդ նպատակով այսօր երեկոյան խոսելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ վաղը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը կարտահայտվի արդյունքների մասին։
Այդ հանգամանքով է նա հիմնավորել իր զգույշ արտահայտվելը թեմայի շուրջ։ Փոխարենը ուշադրություն է հրավիրել Թուրքիայի իշխանությունների քաղաքական հայտարարությունների վրա՝ դրանք գնահատելով չափազանց վտանգավոր։ «Իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, որը անկողմնակալություն է պարտադրում մեզ, եւ դրանով է հիմնավորված իմ զգուշությունը, Թուրքիայի հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ խիստ մտահոգիչ եմ համարում, ուղերձները՝ պատերազմական, որոնք հիմքում ազատում են Ադրբեջանի ձեռքերը՝ վերանվաճելու Ղարաբաղը։ Մենք դա չենք ընդունի»,- ասել է Մակրոնը։
Իսկ Հայաստանին ու հայերին նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան կլինի իր դերում՝ «աչալուրջ՝ ընտանիքների եւ ժողովրդի ինքնիշխանության հարգման հարցում» եւ չի ընդունի իրավիճակի սրման որեւէ ուղերձ։
Մեկնաբանել