
Բակային «խաղեր» պատերազմի ժամանակ
Երեկոյան Արաբկիր-կենտրոն զինկոմիսարիատից վերադառնալիս նկատում ենք հարևան բակի երեխաների աշխույժ եռուզեռը. 13-14 տարեկան տղաները, մաշված անիվները թևի տակ, ծանրությունը ցույց չտվող ինքնագոհ դեմքերով զբաղված են ամենևին ոչ առօրյա բակային խաղով։ Մեր հարցերին պատասխանում են կարճ, մեծավարի՝ հասկացնելով, որ չխանգարենք, լուրջ գործի են։ Նրանք բակի տարբեր հատվածներից ու շենքերից հավաքում էին անիվներ, սնունդ ու անհրաժեշտ իրեր՝ առաջնագիծ ուղարկելու համար։
Առաջարկում ենք օգնել և հավաքված անիվները մեքենայով (չնայած մեծ մասն արդեն տարել էին) տեղափոխել, չեն մերժում, այդ ընթացքում էլ ծանոթանում ենք նրանց հետ։
Արմենը, Ալեքսը, Վահանը, Ֆելիքսը ընկերներ են, զինկոմիսարիատի հարևանությամբ են ապրում։ Զորահավաքի առաջին օրերից, տեսնելով, թե ոնց են իրենց «զինվոր-ախպերները» մեկնում Արցախ, որոշել են իրենք էլ անմասն չմնալ, հարցրել են մեծերից՝ ինչ է պետք սահմանին ու անցել գործի։
Արդեն երեք օր է՝ երեխաներն անցնում են շենքից շենք, բակից բակ ու հավաքում, ցուցակագրում, տեսակավորում առաջին անհրաժեշտության իրեր, գումար, սնունդ, դեղորայք ու բերում հավաքատեղի, որտեղից մեծերը բեռնատարով տանում են Արցախ։
Հարցին՝ ինչ են հավաքել ու որքան, պատասխանում են տնտեսագետի ճշգրտությամբ։
«74 անիվ, պահածո, քաղցրավենիք, դեղորայք, բինտ, անձեռոցիկ, ծխախոտ»,- թվարկում է 13-ամյա Ֆելիքսը։
Մարիամ Թերզյան, Հայկ Մակիյան
Հետք Մեդիա Գործարանի ուսանողներ
Մեկնաբանել