
Հակառակորդը գիշերվա ընթացքում ունեցել է 350-360 զոհ, 600 վիրավոր
Հոկտեմբերի 1-ի գիշերը արցախաադրբեջանական շփման գծում, ընդհանուր առմամբ, թեժ մարտեր չեն եղել: Հակառակորդը որոշակի վերադասավորման գործընթաց է իրականացրել գիշերը, լուսաբացից հետո որոշակիորեն մարտական գործողությունները թեժացել են: Այս մասին միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտնեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ասուլիսի ընթացքում տեղեկություն ստացավ, որ մարտական գործողությունները սկսել են թեժանալ: ՊՆ ներկայացուցիչը հիշեցրեց, որ առավոտյան Պաշտպանության բանակը (ՊԲ) հայտնել է խոցված մեկ ուղղաթիռի մասին, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածք: Այս առնչությամբ ՊԲ-ն ներողություն է խնդրել Իրանից:
«Հակառակորդի բոլոր հարձակողական գործողությունների փորձերը կրել են անհաջություններ, մեր զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին: Հակառակորդն ունի 350-360 զոհ, 600 վիրավոր, երեք խոցված ուղղաթիռ, 15 միավոր տարբեր զրահատեխնիկա, մեկ «Սմերչ», 6 անօդաչու թռչող սարք»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ չհայտնեց զինված ուժերի կողմից նոր տարածքներ գրավելու հարցի վերաբերյալ՝ նշելով, որ ոչինչ չի բացառում: ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց՝ զինված ուժերը մարտունակ են, և տարօրինակ կլիներ, որ միայն պաշտպանական մարտեր վարեին:
Հարցին, թե արդյոք կողմերը գերիներ ունե՞ն և սկսվե՞լ է արդյոք գերիների փոխանակման վերաբերյալ կոմունիկացիա, Հովհաննիսյանը նշեց, որ գերիների վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում:
Մեկնաբանել