HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Bloomberg. Էրդողանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կույր է ձևանում

Չնայած Սիրիայում և Լիբիայում Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերի բախմանը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի այսպես կոչված հարմարավետության դաշինքը գոյատևեց, բայց Հարավային Կովկասում նրանց ավելի խիստ փորձություն է սպասվում։ 

Վերլուծելով ղարաբաղյան հակամարտության վերջին իրադարձությունները Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, «Bloomberg» միջազգային պարբերականի սյունակագիր Բոբի Ղոշը գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկումը Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարներին տանում է ավելի կոշտ առճակատման:

Ըստ վերլուծաբանի, Ռուսաստանը չի հանդուրժելու Թուրքիայի ուղիղ ռազմական ինտերվենցիան, բայց միևնույն ժամանակ չի շտապում մեղադրել կողմերից որևէ մեկին և շահագրգռված է Հայաստանին և Ադրբեջանին նստեցնել բանակցային սեղանի շուրջ։ 

Պուտինը գիտակցում է, որ Թուրքիան արդեն լարված է և բավականին շատ ռեսուրսներ է ծախսում Լիբիայում և Սիրիայում ռազմական գործողությունների, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում ընթացող աշխարհաքաղաքական դիմակայության վրա (Թուրքիա-Հունաստան), որտեղ Ռուսական ռազմածովային նավատորմը վերջերս պատրաստվում էր զորավարժություններ անցկացնել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում թուրքական միջամտությունը մեծ հարված կարող է հասցնել Թուրքիայի՝ առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող տնտեսությանը: Կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ներգրավման հետ, թուրքական լիրան արժեզրկվեց և հասավ ռեկորդային ցածր մակարդակի:

Հեղինակը գրում է, որ Պուտինը կարող է իրեն թույլ տալ ավելի երկար խաղ խաղալ: Էրդողանի ռազմատենչ հռետորաբանության և թուրքական օժանդակության ֆոնին Ադրբեջանին սպասում են թեժ մարտեր հայկական դիրքերի դեմ: Ադրբեջանի առջև բառացիորեն բարձրանում է վերելքի բարդ ճանապարհ դեպի հայկական բարձրադիր դիրքեր։ Ռուսաստանի նախագահը գիտակցում է, որ կողմերը վաղ թե ուշ դիմելու են իրեն: Հարավային Կովկասում Ռուսաստանը միակ խոշոր տերությունն է, որն ունի և՛ կայուն դիրք, և՛ տնտեսական լծակներ իր դիրքորոշումը թելադրելու համար։

Էրդողանն արդեն վառել է իր կամուրջները ԵՄ-ի հետ և ավելի անշահավետ դիրքում է հայտնվել։ Թուրքիայի ղեկավարն ամբողջ մեղքը բարդում է հայկական կողմի վրա՝ որակելով նրանց որպես «տարածաշրջանի խաղաղությանը սպառնացող ամենամեծ վտանգ»։  

Սյունակագրի խոսքով, Էրդողանի համար շատ ավելի բարդ կլինի դուրս գալ օրեցօր ավելի բարդացող այս իրավիճակից։ Իր դեմքը փրկելու նրա լավագույն հույսն այն է, որ Պուտինը համաձայնվի նրան տեղ տալ բանակցությունների սեղանի շուրջ:

Բայց սցենարի նման զարգացումը կպահանջի, որ Թուրքիայի ղեկավարը զիջումների գնա այլ տարածքներում, որտեղ նրա շահերը բախվում են Մոսկվայում գտնվող իր «սիրելի ընկերոջ» շահերի հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter