HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Հայ զինծառայողների մարմինները շատ լուրջ վտանգի տակ են». Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը բաց և փակ աղբյուրներից տեղեկություններ ունի, որ հայազգի զինծառայողների որոշ դիակներ գտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո։

Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանը ընդգծեց՝ հաշվի առնելով 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, այժմ հայ զինծառայողների մարմինները շատ լուրջ վտանգի տակ են, հավանականությունը մեծ է, որ նրանց մարմինները կարող են լրացուցիչ իրավախախտումների և վայրագությունների ենթարկվել։

Արցախի ՄԻՊ-ի համար միջազգային իրավապաշտպան համայնքը մեծ անելիք ունի՝ կանխարգելելու նմանատիպ խախտումները։

Արտակ Բեգլարյանն անդրադարձավ նաև Մարտունիում այսօր վիրավորված լրագրողների դեպքերին՝ որակելով դա պատերազմական հանցագործություն։ Ասաց՝ տեղի ունեցածը փաստում է, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն հարգում մարդասիրական միջազգային իրավունքը՝ թիրախավորելով լրագրողներին։ «Ես պահանջում եմ, որ միջազգային հանրությունը՝ ներառյալ իրավապաշտպան համայնքը համապատասխան գնահատական տա և պատժամիջոցներ կիրառի պատերազմական հանցագործություններ կատարած հանցագործների հանդեպ»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

ՄԻՊ-ն ընդգծեց, որ այս ագրեսիայի պայմաններում առաջին օրվանից բազմաթիվ քաղաքացիական անձինք ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերն՝ առավել անվտանգ բնակավայրեր տեղափոխվելու նպատակով։ «Արդյունքում հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր անձինք հիմա արդեն կանգնել են իրենց տունը լքելու փաստի առջև։ Դարձել են ներքին տեղահանված անձինք կամ փախստականներ։ Հետևաբար՝ Արցախն այս տեսանկյունից մարդասիրական ճգնաժամի առջև է գտնվում։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը այստեղ պատասխանատվություն ունի նաև աջակցություն ցուցաբերելու»,- նշեց նա։

Արտակ Բեգլարյանը քաղաքական և իրավապաշտպան հանրությանը կոչ արեց չլռել, հասցեական և կոշտ հայտարարություններով կատարել միջազգային պարտավորությունները Արցախի բնակչության իրավունքները պաշտպանելու համար։ Արցախի ՄԻՊ-ը, սակայն, չթաքցրեց՝ բավարարված չէ միջազգային իրավապաշտպան համայնքի արձագանքներով։

«Եթե այսպես շարունակվի, ամբողջ տարածաշրջանը կարող է կանգնել հումանիտար աղետի առաջ, որի պատասխանատվությունը կրելու է նաև միջազգային հանրությունը»,- նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter