HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ՄԻՊ. «Արցախում միջազգային լրագրողների աշխատանքը լեգիտիմ է»

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ընթացող ասուլիսին անդրադարձավ Մարտունիում վիրավորված եւ հրետակոծության տակ հայտնված լրագրողներին։

Նշեց, որ ուսումնասիրվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, այն անընդունելի է միջազգային պահանջների տեսանկյունից, քանի որ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, փորձ՝ պատասխանատվությունը վերափոխել Ադրբեջանի կողմից կատարվող գործողություններին։

Ըստ պաշտպանի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված է, որ լրագրողների՝ վտանգավոր վայրեր տեղափոխումը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունն անտեսում է վերջիններիս անվտանգության ապահովման հետ կապված պարտավորությունները, արտասահմանցի լրագրողներին օգտագործում է ապօրինի քարոզչական նպատակների համար։ Ադրբեջանն իր հայտարարությամբ կոչ է արել միջազգային լրագրողներին Ադրբեջանի եւ ԼՂՀ շրջակա շրջաններից այցի վերաբերյալ առաջինը ստանալ Ադրբեջանի համաձայնությունը։ Թաթոյանը ներկայացրեց, որ կոնֆլիկտային եւ պատերազմական իրավիճակում լրագրողների աշխատանքը բացարձակ լեգիտիմ է, եւ հատկապես կարեւորվում է արտասահմանցի լրագրողների անաչառ եւ օբյեկտիվ աշխատանքը, որոնք ի ցույց են դնում իրավիճակը եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում դրա վրա։ «Սա է խախտումը, երբ միջազգային լրագրողները չեն կարողանում լուսաբանել կոնֆլիկտային վայրերում կատարվող իրադարձությունները, ինչպես օրինակ՝ Ադրբեջանն է արգելում»,- նշեց ՄԻՊ-ը։

Թաթոյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ լրագրողները եղել են տարբերանշանով, չեն եղել զինվորական մեքենաներով, եղել են քաղաքացիական մեքենաներով, այնուհետեւ շնորհակալություն հայտնեց լրագրողներին, որոնք, վտանգելով իրենց կյանքը լուսաբանում են իրավիճակը՝ ապահովելով մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները, քաղաքացիական անձանց պաշտպանությանը, եւ ի վերջո նպաստելով կոնֆլիկտի կամ ռազմական գործողությունների կանխմանը։

Թաթոյանն անդրադարձավ նաեւ Վարդենիսում կատարած փաստահավաք աշխատանքներին։ Նշեց, որ պատվիրակությունը իր գործողությունները դադարեցրել է ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով։ Սակայն, ըստ պաշտպանի, ակնհայտ է, որ թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրերը, քանի որ շրջակայքում չկար ռազմական տեխնիկա։

«Փաստահավաք աշխատանքների արդյունքները ՄԻԵԴ-ի Հայաստանի ներկայացուցչի հարցմամբ, տրամադրվելու են եւ նաեւ հրապարակվելու են»,- նշեց պաշտպանը։

Անդրադառնալով կորոնավիրուսային համավարակին, նշեց, որ այն աշխարհում համարվում է կարեւորագույն գործոն, թույլ չտալու համար ցանկացած տեսակի ռազմական, զինված բախում, իսկ այդ իրավիճակում Ադրբեջանը շարունակում է իր գործողությունները։

Ադրբեջան տեղափոխված զինյալ վարձկաններին անդրադառնալով՝ Թաթոյանն ասաց, որ այն կբերի հումանիտար աղետի, իսկ մարդու իրավունքի ոլորտի կազմակերպությունները պետք է անդրադառնան այս հարցին։ «Պետք է մարդու իրավունքին առնչվող կազմակերպություններն արձագանքեն, հակառակ դեպքում նրանք սրանով նսեմացնում են մարդու իրավունքների կոնցեպցիան առհասարակ, այդ կազմակերպությունները ստեղծված են հենց այս իրավիճակների համար, որ կարողանան կանխել նման աղետները»,- նշեց Արման Թաթոյանը, այնուհետեւ հավելեց, նմանատիպ կառույցներից դեռեւս որեւէ արձագանք չի եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter