
Սեյրան Օհանյան. «Ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի, որ մարտական գործողությունները երկար չտևեն»
Պաշտպանության բանակի նախկին բոլոր հրամանատարներն Արցախում են և իրենց աջակցությունն են հայտնել ՊԲ գործող հրամանատարին:
Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում հոկտեմբերի 1-ի երեկոյան հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանության նախկին նախարար-հրամանատար Սեյրան Օհանյանը: ՊԲ նախկին հրամանատարները ծանոթացել են օպերատիվ իրավիճակին և եկել եզրակացության, որ Պաշտպանության բանակի ներկա հրամանատարը հմուտ կերպով ղեկավարում է մարտական գործողությունները։
«Մենք համոզվեցինք, որ նրա ղեկավարման կետում բան չունենք անելու, և մեր աջակցությունն իրականացնում ենք Արցախի ժողովրդի և մեր հնարավորությունների շրջանակում»,- ասաց Օհանյանը:
2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը չցանկացավ զուգահեռներ իրականացնել մարտական երկու գործողությունների միջև, քանի որ յուրաքանչյուր մարտական գործողություն իր առանձնահատկությունն ունի:
Օհանյանն ընդգծեց` այս գործողությունները ոչ ապրիլյան, ոչ էլ 2020 թվականի տավուշյան մարտերի հետ համեմատել չի կարելի, նույնն է միայն զինվորի ըմբոստ ոգին և տոկունությունը: Օհանյանի խոսքով` այս գործողությունները բավական ծավալուն են, մասշտաբային, ընդգրկված են ամբողջ ՊԲ-ի և Արցախի սահմանային հատվածները: Գործողությունները և մարտական են, և հարձակողական, և շեղող, ինչպես նաև ընդգրկում են սահմանային ողջ երկայնքը:
Մյուս առանձնահատկությունն այն է, որ այս ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը կիրառում է իր զինանոցում առկա գրեթե ողջ սպառազինությունը, բոլոր զորամասերի ուժերը` թե առաջնագծի, թե ռեզերվային: Ռազմական գործողությունները նաև աչքի են ընկնում հակառակորդի կողմից կիրառվող կրակային ազդեցության խտությամբ և ՊԲ-ի` խոցման հակազդմամբ:
Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի խոսքով` դիրքային խնդիրների առումով Պաշտպանության բանակն ամեն օր իր առջև դրված խնդիրները կատարում է, սակայն մ ըստ նրա՝ յուրաքանչյուր դիվանագիտություն ավելի լավ պայմաններ է ստեղծում, քան մարտական գործողությունները:
«Ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի մարտական գործողությունները երկար չտևեն: Վատ բանակցային գործընթացն ավելի լավ է, քան լավ մարտական գործողությունները»,- ասաց նա:
Օհանյանը նաև շնորհակալություն հայտնեց կամավորներին` կոչ անելով Արցախ մեկնելը համաձայնեցնել զինկոմիսարիատների հետ:
Մեկնաբանել