HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ակցիա Բրյուսելում՝ աջակցություն հայտնելու Հայաստանին եւ Արցախին

Երեկ՝ Եվրոպական միության գագաթնաժողովի առաջին օրը, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հարյուրավոր հայեր եւ օտարերկրացիներ խաղաղ ցույց են իրականացրել, որի ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին եւ Արցախին։

ԵՄ մայրաքաղաքում անցկացված ակցիայի մասնակիցները խաղաղության կոչեր են արել, իրենց հետ տարել «այսօր Արցախը, վաղը՝ Բրյուսելը. հերիք է նորմալացնեք պատերազմը», «ոչինչ չանելով՝ դուք ուղղակիորեն աջակցում եք տեռորիզմին», «նրանք պետք է հասնեն Վիեննայի դարպասների՞ն, որ դուք զարթնեք»…. գրությամբ պաստառներ։

Ակցիայի մասնակից Լիլիթ Բաբայանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ նպատակն էր Եվրոպային հայության ձայնը լսելի դարձնելը։ Ըստ վերջինիս՝ Բրյուսելի հայ կոմիտեն նախապես կոչ էր արել հայերին եւ այլ ազգերին մասնակցել Հայաստանի եւ Արցախի խաղաղության համար իրականացվող ցույցին։ «Մասնակիցների եւ հետաքրքրվածների թիվը մի քանի հարյուրի էր հասնում, երեկոյան տեղի ունեցած ցույցին մասնակցել է մոտ 600 հոգի»,- նշեց Լիլիթը։

Լիլիթ Բաբայանի խոսքով՝ երեկվա ակցիային ներկա են եղել նաեւ Բելգիայի քաղաքական գործիչներ, որոնք խոսել են Թուրքիայի քաղաքական գործելաոճի, Էրդողանի վարած քաղաքականության մասին։ Քաղաքական գործիչները եւ հայ համայնքի ներկայացուցիչները ելույթներում մի քանի անգամ նշել են, որ Արցախում ընթացող պատերազմը չի վերաբերում միայն Հայաստանին, այն վերաբերում է նաեւ Եվրոպային։ «Մեզ Բելգիայում ընդունեցին որպես խաղաղ ժողովուրդ եւ ընկեր, երեկվա ցույցը եւս խաղաղ անցավ, ատելության կոչեր չէին արվում, մեր կոչը խաղաղության համար էր, որպեսզի ԵՄ անդամ երկրները հարցին ավելի լուրջ նայեն»,- զրույցի վերջում նշեց ակցիայի մասնակիցը։

Հիշեցնենք, որ երեկ մեկնարկել է ԵՄ գագաթնաժողովը, որի ընթացքում Եվրամիության անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները կոչ են անում Թուրքիային դադարեցնել միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և սկսել կառուցողական դերակատարություն ունենալ իրավիճակի դեէսկալացիայի գործընթացում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter