HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Թեղուտի քննարկման վերաբերյալ

Ի պատասխան «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի» վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկման հրավերի

ՀՀ վարչապետի N212-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի քարտուղար Խաչիկ Հակոբյանին

Պատճենը` ՀՀ Վարչապետ
Տիգրան Սարգսյանին

Սույն թվականի մարտի 13-ին ՀՀ վարչապետի թիվ 212-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հանրային քննարկում կազմակերպելու նպատակով: Նշված որոշման շրջանակներում ս.թ մարտի 23-ին Վանաձոր քաղաքում կազմակերպվում է «հանրային քննարկում», որին հրավիրված ենք նաեւ ներքոստորագրյալներս: 

-Կառավարության նշյալ որոշման մեջ և մեր խնդրանքով ուղարկված մյուս փաստաթղթերում չի պարզաբանվում, թե ինչ նպատակով է կազմակերպվում սույն հանրային քննարկումը: Մեր այն հարցին, թե ինչ արդյունքներ են ակնկալվում հանդիպումից, ստացել ենք հետևյալ պատասխանը` «կախված է ընթացքից»: Հայտնի չէ, թե այս հանրային քննարկումը և դրա հնարավոր արդյունքները որքանով ազդեցություն ունեն կառավարության որոշումների կայացման վրա, մասնավորապես հաշվի առնելով, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ապօրինի ծրագիրն արդեն ընթացքի մեջ է:

-Հանրային քննարկման մանրամասն օրակարգ չի ներկայացվել, ի պատասխան հանդիպման ֆորմատի և զեկուցողների մասին մեր հարցադրման` աշխատանքային խմբի ներկայացուցիչ Խաչիկ Հակոբյանը գրել է. «Օրակարգը մշակվում է, բոլոր կողմերը ունենալու են ելույթի հնարավորություն»: Նշենք, որ հրավիրյալների ցանկում 90 հոգի է, չհաշված վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի 12 անդամներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Իսկ հանրային քննարկմանը հատկացված ժամանակն ընդամենը 2 ժամ է. ի դեպ, նույնքան ժամանակ է նախատեսված նաև ճաշի ու սուրճի ընդմիջման համար: Քննարկման ֆորմատը և օրակարգի մանրամասները հայտնի չեն/դեռ որոշված չեն: 

Նշենք, որ չենք պատրաստվում մեր մասնակցությամբ լեգիտիմացնել մի գործընթաց, որի շրջանակներում ներկայացված հրավերների բնույթից և ոչ պրոֆեսիոնալ կազմակերպումից իսկ բխում է դրա անարդյունավետությունը և ձևական մոտեցումը:

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օրից` մարտի 27-31-ը Ժնեւում տեղի է ունենալու ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննվելու է Թեղուտի գործով Հայաստանին ներկայացված պահանջների կատարման ընթացքը: Ենթադրում ենք, որ այս պայմաններում ՀՀ Կառավարությունը փորձում է կեղծ տպավորություն ստեղծել, թե իբր ջանք է գործադրում` ապահովելու Օրհուսի կոնվենցիայից բխող միջազգային պարտավորությունները: 

Մենք պատրաստ ենք ՀՀ Կառավարության հետ քննարկել և բանակցել, եթե օրակարգում դրվեն Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման օրինականության հետ կապված հիմնահարցերը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանքավայրի շահագործման թույլտվության փաստաթղթերի անվավերության հետեւանքների կիրառումը, ազգային ունեցվածքի պաշտպանությունը և ողջամիտ օգտագորումը` ի շահ հանրության և ապագա սերունդների` հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը: 

Էական է հստակ մեխանիզմների առկայությունը, որպեսզի նմանօրինակ հանրային քննարկումները լինեն քննադատական մտածողության ֆորումներ և որպեսզի դրանց արդյունքները հստակ մեխանիզմներով ազդեն ու ներառվեն կառավարության կամ որևէ հանրային կառավարման որոշումների կայացման գործում: Քանի դեռ մեխանիզմները հստակ չեն և բացակայում է կամքը, նման հանրային քննարկումները չեն կարող լինել իրապես ժողովրդավարական ու արդյունավետ: 

Նամակին կից ներկայացնում ենք`

  1. Բաց նամակի հավելված` հիմնավորումներ
  2. ՀՀ վարչապետի N212-Ա հրամանը
  3. Օրակարգը 

Ապրես Զոհրաբյան, քաղաքացիական ակտիվիստ

Արփինե Գալֆայան, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ, քաղաքացիական ակտիվիստ

Գոռ Հակոբյան, քաղաքագետ, քաղաքացիական ակտիվիստ

Եղիա Ներսեսյան, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ

Ինգա Զարաֆյան, Էկոլուր ՀԿ

Մարիամ Սուխուդյան, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ

Նիկիտա Զարոբյան, տեխնիկական գիտությունների թեկնածու

Ռուզաննա Գրիգորյան, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ

Տիգրան Խզմալյան, ռեժիսոր 

Երևան, 21 մարտի, 2012թ.

Հավելված' հիմնավորումներ
ԲԱՑ ՆԱՄԱԿԻ

Ի պատասխան «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի» վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկման հրավերի

Այս առնչությամբ հայտարարում ենք, որ 2011թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Քիշնեւում տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի գերագույն մարմնի' Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների հանդիպումը, որի ընթացքում կողմերը հաստատել են 17.10.2010թ. թիվ ACCC/C/2009/43 հաղորդման առնչությամբ Կոնվենցիայի Համապատասխանության Կոմիտեի եզրակացության եւ առաջարկությունների նախագիծը: Կոմիտեն արձանագրել է, որ Թեղուտի հանքի շահագործման լիցենզիա ստանալու ընթացքում թույլ են տրվել կոնվենցիայի, այսինքն' Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս կազմող օրենքի խախտումներ: Կոմիտեն գտել է, որ Թեղուտի հանքավայրի շահագործման թույլտվություն տրամադրելու գործընթացում Հայաստանը ձախողել է Կոնվենցիայի մի շարք հոդվածներ եւ կետեր (3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը (56-րդ պարբերություն), ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի պահանջները (համապատասխանաբար 70-րդ, 777-րդ և 799-րդ պարբերություններ): Անհրաժեշտ ենք համարում նորից եւ վերստին շեշտել, որ Կոնվենցիայի Կողմերի որոշումը ունի բարձր իրավաբանական ուժ եւ պարտադիր է կատարման պետության կողմից:

ՀՀ վարչապետի մերթ ընդ մերթ ակտիվացումների ֆոնին անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ դեռեւս 2008 թվականի հունիսի 20-ին շահագրգիռ հասարակության անդամները (հասարակական կազմակերպությունները) մասնակցել են ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության, որի ընթացքում քննարկվել են Թեղուտի հանքավայրի վերաբերյալ վիճահարույց մի շարք հարցեր: Խորհրդակցության ընթացքում Վարչապետը և Կառավարության անդամները համաձայնել են Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ հասարակական կազմակերպությունների մի շարք հարցադրումներին: Խորհրդակցության արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է'
ա/ շահագրգիռ հասարակության անդամների կողմից բարձրացված հարցադրումների պատասխանները ներկայացնել ՀԿ-ներին,

բ/ կազմակերպել Թեղուտի հանքավայրի շահագործման համապետական նշանակությունը հիմնավորող հատուկ շնորհանդես, մինչև այդ կազմակերպելով 2 միջանկյալ քննարկում ՀԿ-ների կողմից ներկայացված հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ,

գ/ տեղական և անհրաժեշտության դեպքում նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ իրականացնել հանքարդյունահանման նախագծի ՇՄԱԳ-ի փորձաքննություն հանքավայրի շահագործման 25 տարիների համար,

դ/ ՀԿ-ների հետ համատեղ 1-ամսյա ժամկետում քննարկել և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել բնապահպանական վնասների հաշվարկման նոր կարգ,

ե/ բնապահպանական վնասների հաշվարկման նոր կարգ հաստատելուց հետո կատարել նոր հաշվարկ' փորձագետների հետ կազմակերպելով միջանկյալ քննարկումներ և ներկայացված հարցադրմանը անդրադառնալ այդ քննարկումների ընթացքում,

զ/ քննարկել հանքարդյունահանման հետևանքով առաջացած թափոնների հաշվարկման և դրանց օրենքով սահմանված կարգով հարկման վերաբերյալ առաջարկությունները և հաջորդ հանդիպման ժամանակ ներկայացնել համապատասխան հիմնավորող հաշվարկներ և Թեղուտին առնչվող այլ հիմնախնդիրներ:

Նշենք, որ 25 տարիների համար հանքարդյունահանման նախագծի ՇՄԱԳ-ի փորձաքննության նյութեր շահագրգիռ հասարակության անդամներին չեն տրամադրվել: Փոխարենը ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից ուղարկվել է անստորագիր մի փաստաթուղթ (որի հեղինակները պարզ չեն), որը վերնագրված է «Տեղեկանք Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման դեպքում 25 տարվա ընթացքում տնտեսական վնասի գնահատման վերաբերյալ»: Նշված «փաստաթղթում» վնասը գնահատված է 3.1 մլրդ. դրամի չափով:

Բնապահպանական վնասների հաշվարկման նոր կարգ առայժմ չի սահմանվել, «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, կապված հանքարդյունահանման թափոնների հարցի կարգավորման հետ չեն կատարվել:

Միառժամանակ անց' 12 սեպտեմբերի 2008 թվականին, ՀՀ վարչապետը միեւնույն հարցի շուրջ կրկին հանդիպում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ կայացված խորհրդակցության ընթացքում շարունակել է շատ արժեքավոր քննարկումները Թեղուտի հանքավայրի վերաբերյալ ՀԿ-ների կողմից բարձրացված հարցերի շուրջ: Խորհրդակցության արդյունքում Վարչապետն այս անգամ ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարել է'

1/ մինչև 2008թ. տարեվերջ Թեղուտի հանքավայրի շահագործման 25 տարիների համար հանքարդյունահանման նախագծի ՇՄԱԳ-ի փորձաքննության նյութերը տրամադրել ՀԿ-ներին' անհրաժեշտության դեպքում լրացուցիչ անվճար փորձաքննության ենթարկելու համար,

2/ 6-ամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ համատեղ քննարկել Հայաստանում առկա հանքարդյունահանման հետևանքով առաջացած թափոնների հաշվարկման և դրանց օրենքով սահմանված կարգով հարկման հաշվարկի վերաբերյալ հարցերը և սահմանված կարգով ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություն:

Հերթական անգամ բացարձակապես ոչևէ բան չի արվել:

Հարկ է հիշեցնել նաեւ, որ 2011 թվականի նոյեմբերի 25-ին նույն վարչապետի թիվ 1122-Ա որոշմամբ ստեղծվել է եւս մեկ միջգերատեսչական հանձնաժողով' Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի մշակելու, դրանց իրականացման համար անհրաժեշտ գործողությունները համակարգելու նպատակով, որի կազմում ընդգրկվել են նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներ: Այդ «հանձնաժողովը», ինչպես եւ սպասվում էր, հանդիպեց ընդամենը մեկ անգամ: Թեեւ բնապահպանության նախարարը խրոխտաբար հրահանգեց 10-օրյա ժամկետում մշակել հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը եւ փութաջանորեն կպնել գործի, ակնհայտ էր, որ այդ հանձնաժողովը միանգամայն այլ բանի համար է ստեղծված:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter