
Ռազմաճակատ մեկնող լրագրողների մեծ մասը կյանքի ապահովագրություն չունի
Պատերազմը լուսաբանող հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները չունեն կյանքի ապահովագրություն (բացառությամբ երկու միջազգային ԶԼՄ-ների երեւանյան խմբագրությունների ներկայացուցիչների` «Ազատություն» ռադիոկայան, «Սպուտնիկ Արմենիա»):
Հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծության հետևանքով վնասվածքներ էին ստացել ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչներ: Եվ կրկին արդիական դարձավ լրագրողների կյանքի ապահովագրության հարցը:
«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է, որ այդ խնդիրը վաղուց կա, այդ հարցում երեսուն տարի հետ ենք ընկել համաշխարհային քաղաքակրթությունից:
«Մինչև այսօր ռազմաճակատ մեկնողները նույնքան անապահով են ապահովագրության տեսանկյունից, որքան 90-ականներին, երբ լրագրողները գնում էին ռազմաճակատ՝ առանց մտածելու, թե իրենց հետ ինչ կպատահի, իրենց հիվանդանոցային ծախսերը կկարողանա՞ն հոգալ, թե չէ, եթե մասնագիտական պարտականությունները կատարելիս վիրավորվեն»,- ասաց նա:
Նալբանդյանի կարծիքով` լրատվական գործակալությունները պարտավոր են առանձնահատուկ պայմաններով ապահովագրական համակարգի ստեղծման մասին մտածել, պայմանագիր կնքել այն լրագրողների հետ, որոնց ուղարկում են ռազմաճակատ: Ռազմաճակատ մեկնող լրագրողը պետք է իմանա, որ իր կյանքին կամ առողջությանը հասցված վնասների դեպքում ապահովագրական ընկերությունը կվճարի իր հիվանդանոցային ծախսերը կամ հարազատներին դրամական փոխհատուցում կտա: Լրագրողները ռազմաճակատ մեկնելուց առաջ վերապատրաստման դասընթաց պետք է անցնեն, թե ինչպես լուսաբանել պատերազմական գործողությունները:
Հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքի հրետակոծության հետևանքով վիրավորվել է նաև «Ժամը» լրատվականի օպերատոր Արամ Գրիգորյանը:
Գնել Նալբանդյանը վստահեցնում է` հեռուստաընկերությունը կհոգա իր աշխատակցի հիվանդանոցային ծախսերը, սակայն խնդիրն ավելի գլոբալ պետք է դիտարկել:
Ասում է` այլ հարց է, երբ լրագրողը կամ օպերատորը երկարաժամկետ կտրվածքով է առողջական խնդիրներ ունենում, պետք է երկար ժամանակ բուժում ստանա, սակայն հաջորդ տարի հեռուստաընկերությունը զրկվում է լիցենզիայից, այդ դեպքում ի՞նչ է հարկավոր, որ երկարաժամկետ լուծում առաջարկվի: Խնդրի լուծմանը պետք է մասնակցեն պետությունը, ԿԲ-ն, բանկային համակարգը:
Մարտունիում վիրավորվել էր նաև 24news.am կայքի լրագրող Սևակ Վարդումյանը: Կայքի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանն ասում է, որ հայաստանյան ԶԼՄ դաշտում աշխատակիցների կյանքի ապահովագրության մշակույթը, ցավոք, զարգացած չէ:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն էլ կարծում է, որ լուրջ աշխատանք պետք է իրականացնել ապահովագրական ընկերությունների հետ, որ ԶԼՄ ներկայացուցիչների համար հատուկ պայմաններով նման ապահովագրություն լինի: Ասում է` դա երկարատև աշխատանք է, մեկ-երկու ամսվա ընթացքում դժվար թե այդ հարցն ամբողջությամբ լուծվի: «Կարծում եմ` ճիշտ կլինի փորձել ֆոնդ ստեղծել, որտեղ գումարներ կհավաքագրվեն հենց այդ նպատակով»,- ասում է Սարգսյանը:
Ըստ Նունե Սարգսյանի` եթե խնդրի լուծմամբ զբաղվի պետությունը, լրագրողները կարող են հավասարվել պետական ծառայողներին, ինչն, իր կարծիքով, ճիշտ չէ, սակայն աներկբա է` լրագրողների կյանքի ապահովագրության հարցը հրատապ լուծման կարիք ունի:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հարցն արդիական է համարում, որը պարտադիր պետք է լուծվի:
«Մի երկիր, որը պարբերաբար հայտնվում է պատերազմական իրավիճակում, պետք է ունենա համակարգ լրագրողների կյանքն ու առողջությունը ապահովագրելու համար, և եթե համապատասխան ապահովագրականները չեն լուծում այս խնդիրը, երևի անհրաժեշտ է պետության միջամտությունը»,-ասաց Բորիս Նավասարդյանը:
Ըստ ակումբի նախագահի` պետության պարտավորությունն է նպաստել, որ ձևավորվի նման համակարգ, անհրաժեշտության դեպքում պետությունը պետք է ներդրումներ անի:
Տեղեկացնենք, որ Հայաստանում առհասարակ որևէ ապահովագրական կազմակերպություն քաղաքացիների կյանքի ապահովագրություն չի իրականացնում:
Մեկնաբանել