HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արթուր Պապյան. «Սոցիալական ցանցերում մեդիագրագիտության մեծ աշխատանք ունենք անելու» 

Սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում սկսված պատերազմին զուգահեռ «մարտեր» են ընթանում նաև սոցիալական ցանցերում։ Այս օրերին տարածվում են պատերազմական իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություններ, հրապարակման ոչ ենթակա տեսանյութեր և լուսանկարներ։ 

«Հետքը» զրուցել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանի հետ։ 

Պարոն Պապյան, այս օրերին, երբ լրագրողները ռազմաճակատից լուսաբանում են Ղարաբաղում սկսված պատերազմը, ընթերցողները հաճախ են լրատվամիջոցներին կոչ անում չտարածել տեսանյութեր և լուսանկարներ առաջնագծից, ռազմաճակատից։ Ի՞նչ բնույթի տեղեկություններ չպետք է հանրայնացնել։

Իրականում ինչու՞ են ասում՝ մի տարածեք այդպիսի տեղեկություններ։ Ցանկացած լուսանկար, տեսանյութ, որը հատկապես հեռախոսով է արվում, ոչ «Ֆեյսբուքի» ցանցում հրապարակված, պարունակում է մի շարք տվյալներ։ Օրինակ՝ գեոլոկացիոն տվյալներ, թե այդ լուսանկարն ինչով է արվել, որ ժամին, որտեղ։ Առանձին վերցրած մի լուսանկարը կարող է վնաս չտալ։ Բայց եթե հրապարակվում է լուսանկարների շարք, հնարավոր է վերցնել այդ լուսանկարների գեոլոկացիոն տվյալները, համադրել ժամերը, հասկանալ այդ զինտեխնիկայի շարժման ուղղությունը։ Սա արդեն լուրջ խնդիր է, հակառակորդ կողմին թույլ է տալիս այդ տեղեկատվությունը օգտագործել։ Սամանամերձ շրջանից ցանկացած լուսանկարի հրապարակում, թեկուզ խաղաղ պայմաններում, հղի է վտանգներով։ Որովհետև մենք տեսնում ենք Մարտունիում, որը շփման գծից հեռու է, թիրախավորվում են քաղաքացիական շինություններ, լրագրողներն են հարձակման ենթարկվում։ Հիմա հակառակորդը վերևից է կարողանում տեսնել, բայց վերևից ամեն ինչ չէ, որ երևում է։ Հետևաբար, երբ նա հնարավորություն է ունենում համադրել քարտեզների, դրոնների տվյալները և դրանց հետ ունենում է լուսանկարներ, թեկուզ խաղաղ իրավիճակից, կարողանում է պատկերացում կազմել՝ որտեղ ինչ շինություններ, քաղաքացիական օբյեկտներ կան։ 

Ընթերցողներին այս օրերին ի՞նչ տեղեկատվություն է առավել շատ հետաքրքրում։ Արդյոք լրատվամիջոցները կարողանո՞ւմ են բավարարել հասարակության տեղեկատվական պահանջը։

Մարդկանց այժմ ամենաշատը հետաքրքրում են լուրեր սահմանից, դիրքերի, ինչպես նաև երբեմն բարձր է Ռուսաստանի արձագանքին վերաբերող հրապարակումների վարկանիշը։ Ես կարծում եմ, որ մեր լրատվամիջոցները շատ օպերատիվ աշխատում են, բավարարում են տեղեկատվության հիմնական պահանջը՝ հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք դրված են։ Մեր լրագրողներն, իրոք, իրենց կյանքը վտանգի են ենթարկում՝ փորձելով տեղեկատվություն հրապարակել։ Ես մի քանի ուղիղ եթերներ եմ դիտել և հասկացվում է, որ դրանք կոորդինացված են։ Չեմ տեսել այնպիսի ուղիղ եթերներ, որոնք կարող էին շատ լուրջ խնդիրների հանգեցնել։ Արժի լրատվամիջոցները խոսափեն դեպքի վայրից ուղիղ հեռարձակումներից, որովհետև այն կարող է հենց նրանց թիրախավորելու առիթ դառնալ։

Երեկ գիշեր, երբ Հակաօդային պաշտպանության ուժերը խոցում էին ադրբեջանական կողմի անօդաչու թռչող սարքերը, մի շարք քաղաքացիներ սոցիալական ցանցերի իրենց էջերում ՀՕՊ-ի խոցման հետագծից կադրեր էին հրապարակում։ Նման տեսանյութերի տարածումը վտանգ պարունակու՞մ է։

Սա իմ նշած ամենավտանգավոր երևույթներից է։ Տեսեք՝ ուղարկվել են հետախուզական ԱԹՍ-ներ, որոնց նպատակը հասկանալն է, թե քո տարածքում որտեղ, ինչ է տեղակայված, որտեղ են քո հակաօդային պաշտպանության օբյեկտները։ Երբ մարդիկ հրապարակում են 6-7 վայրից տեսանյութեր, նույնիսկ 3 վայրից հրապարակված տեսանյութերը, հեռախոսային լուսանկարաները բավական կլինեն։ Շատ դեպքերում, բարեբախտաբար, Ֆեյսբուքը, Ինստագրամը այս տվյալները մաքրում են, բայց, ամեն դեպքում, դա շատ վտանգավոր է։ Հնարավոր է այդ տվյալները, ռակուրսները համադրել մի քանի տեղից և հասկանալ՝ հակաօդային կայանքը որտեղ է, հաջորդ անգամ այդ կայանքից խուսափել կամ անմիջականորեն այդ կայանքին հարվածել։ Այսինքն՝ դուք անմիջականորեն աջակցում եք, որպեսզի մատնեք պաշտպանական միջոցների գտնվելու վայրը, դարձնեք այն թիրախ։ 

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ ապատեղեկատվության տարածման ի՞նչ միտումներ եք նկատում։

Հայաստանում ամենատարածված տեղեկություններից մեկը Գետաշենի ազատագրման լուրն էր։ Շրջանառվեց, նույնիսկ քարտեզ կցվեց, որ Գետաշենը ազատագրվել է, հետո դա հերքվեց։ Ընդ որում մենք չգիտենք՝ սա ապատեղեկատվություն է, թե ոչ, որովհետև մենք նույնիսկ տեղեկատվություն չունենք այդ մասին։ Նույն Լելե Թեփեի դեպքը մի քանի անգամ շրջանառվում, կիսաբերան հերքվում է, չի հերքվում։ Շրջանառվող ապատեղեկատվություններից ինձ համար ամենատպավորիչներից մեկն այն է, որ անհայտ օգտատերեր ասում են՝ հեռախոսները գիշերն անջատեք, թե չէ սկսելու են ճառագայթել, ադրբեջանցիները ինչ-որ հատուկ ծրագրեր են անում։ Սա մի քանի օր առաջ էր։ Մյուսն ամենայն լրջությամբ ասում էր, որ սև «Լադայով» տղամարդ է պտտվում, զինվորների համար հաց է հավաքում, դրա մեջ հատուկ դեղ է ներարկում, պատրաստվում է դա տանի դիրքեր։ Ապատեղեկատվության մի բլոկ էլ կա, որ ադրբեջանական ֆեյքերն են փորձում առաջ մղել, հատկապես պատերազմի առաջին երկու օրերին էր հանդիպում, որ եկեք, արյուն հանձնեք, շատ վիրավորներ կան, զոհերի քանակը շատ մեծ է։

Այս օրերին ինչպե՞ս եք գնահատում օգտատերերի վարքը սոցիալական ցանցերում։

Իրականում ես փորձում էի լավատեսորեն մոտենալ, ասել եմ, որ բավական մեդիագրագետ են մեր օգատերերը, բայց հիմա, նայելով, թե ինչ է կատարվում, հույսս կորցնում եմ։ Այս օրերին մարդիկ, որ ինձ հարցնում են՝ այսպիսի բան կա, թե՞ ոչ, հերքում եմ, բայց տեսնում եմ, միևնույն է, տարածվել է այդ ապատեղեկատվությունը։ Հետաքրքիր է, որ երկու կողմերից էլ մարդիկ փորձում են լավ լուրերը պարունակող ապատեղեկատվություն տարածել, ու սա մասսայական տարածվում է։ Հասկանալի է՝ մարդիկ էմոցիոնալ են, կիսատ մի բան լսում են, տարածում են։ Սոցիալական ցանցերում մեդիագրագիտության մեծ աշխատանք ունենք անելու։ 

Գլխավոր լուսանկարը՝ Media.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter