
«Ընտանիքով նստած էինք, ուժեղ դմփոց լսվեց»․ հոկտեմբերի 1-ի հրթիռակոծությունը՝ Մեծ Մասրիկում
«Ընտանիքով տանը նստած էինք, ուժեղ դմփոց լսվեց։ Պատուհանից նայեցի, տեսնեմ ի՞նչ է կատարվում։ Տեսա մեր բոստանով հարևանն ա գալիս: Ասեցի՝ Ռուբեն, ի՞նչ կա, ու՞ր ես գնում։ Ասեց՝ Սուրո ջան, տենամ ռումբն ու՞ր ընկավ։ Ասեցի՝ Ռուբ ջան, հետ արի էլի։ Քայլեցինք իրար հետ։ Մեկ էլ լսեցինք պայթյուն եղավ։ Ես փախա, իրան չկարողացա փախցնեմ»։
Այսպես է ներկայացնում հոկտեմբերի 1-ի հրետակոծությունը Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի բնակիչ Սուրեն Դաշյանը։
Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի Շատվան և Մեծ Մասրիկ գյուղերը հրետակոծվել են և ենթարկվել ԱԹՍ-ների հարձակման: Զոհվել է 1 քաղաքացիական անձ, 2 քաղաքացի վիրավորվել է, այդ թվում՝ մեր զրուցակից Սուրեն Դաշյանը:
Երբ արկը պայթել է, բարձրացված փոշուց Սուրեն Դաշյանը չի կարողացել տեսնել՝ շուրջն ինչ է կատարվում։ Միայն զգացել է, թե ոնց է բեկորը մտել արմունկի մեջ։ Սուրեն Դաշյանն ու նրա 16-ամյա որդին քայլել են հարևան Ռուբենի մոտ, տեսել, որ վիրավորվել է։
Տարածքի բնակիչներն ավտոմեքենայով Ռուբենին տեղափոխել են հիվանդանոց։
Սուրեն Դաշյանն այս պահին իրեն լավ է զգում և գտնվում է տանը։
Պայթյունից նրա տունը վնասվել է, պատուհաններն ամբողջությամբ կոտրվել են, տանիքը և բակը՝ մասնակի ավերվել։
Լուսանկարը՝ «Հետքի» արխիվից
Մեկնաբանել