HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատերազմ-բանակցություն-պատերազմ» փակ շղթան ճեղքելու ժամանակը

Նախապես ներողություն եմ խնդրում քաղաքական լռության հաստատված կանոնը խախտելու համար, սակայն հարցը քննարկվում է այսօր, ուստի խոսելու պահը հիմա է:

Սեպտեմբերի 27-ից Արցախի, ապա նաև Հայաստանի դեմ Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ամենալայնածավալ ռազմական գործողությունն էր 1994թ.-ի հրադադարի հաստատումից ի վեր: Այն հայտ է ներկայացնում՝ դառնալու տարածաշրջանային անվտանգության լրջագույն սպառնալիք՝ ներառելով այլ պետությունների և ահաբեկչական խմբերի: Արդեն իսկ միջազգայնորեն ճանաչված է Թուրքիայի կողմից ահաբեկիչներ ներգրավելու փաստը: Պետությունները (բացառությամբ՝ Ֆրանսիայի և Կիպրոսի) առայժմ զերծ են մնում Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը արձանագրելուց: Անգամ Ֆրանսիան այդ հարցում փոխզիջման էր գնացել, և ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հայտարարության վերջնական տեքստում դա արձանագրված չէր: Միաժամանակ Հայաստանի խորհրդարան մտավ Արցախի ճանաչման վերաբերյալ քննարկումը, որի շուրջ, սակայն, զգուշավորություն է պահպանվում, և դատելով եռանախագահների հայտարարությանը ՀՀ ԱԳՆ արձագանքից՝ Հայաստանը չի բացառում վերադարձը բանակցային հին տրամաբանությանը, ինչը, իմ կարծիքով, ճակատագրական սխալ է ներկա իրավիճակում և հանգեցնելու է նոր պատերազմի: Այս հոդվածով փորձելու եմ հիմնավորել այդ կանխավարկածը:

Այս կոնֆլիկտի ծագման պահից մենք անընդհատ հանդես ենք եկել խաղաղ բանակցությունների դիրքերից, անընդհատ մասնակցել ենք այդ բանակցություններին, անընդհատ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ, որոնք ամեն անգամ խախտվել են Ադրբեջանի կողմից և նա ամեն անգամ դիմել է ագրեսիայի: Միջազգային հանրությունը անընդհատ հանդես է եկել անհասցե կոչերով ու գնահատականներով, մեզ ամեն անգամ հետ հրավիրել բանակցային սեղանի շուրջ և պատերազմ-բանակցություն-պատերազմ շրջանը նորից է սկսվել՝ առանց նախորդ ագրեսիայի համար որևէ պատիժ ու հաջորդ ագրեսիայի համար որևէ իրական կանխարգելում սահմանելու: Սա Ադրբեջանին թույլ է տալիս ամեն անգամ բանակցային սեղանը փոխել պատերազմով, Հայաստանը և Արցախը ներքաշել պատերազմի մեջ, ավերել բնակավայրեր, սպանել մարդկանց՝ հստակ իմանալով, որ միշտ կարող է վերադառնալ բանակցային սեղանին՝ առանց որևէ էական բարդության: Այդ ընթացքում հայկական կողմերը կնորոգեն բնակավայրերը, կհամալրեն զինանոցները, կբուժեն վիրավորներին՝ մինչև Ադրբեջանը կրկին հարկ համարի պատերազմ նախաձեռնել: 

Չնայած «ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան պատերազմը» մարդասիրական հնչող մոլորության՝ իրականում ամենավատ բանակցություններն ուղղակիորեն սնում են պատերազմի հրեշին: Այսպես, օրինակ, 2016թ.-ի ապրիլյան ագրեսիայից հետո բանակցությունները հանգեցրին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որտեղ կողմերը (այդ թվում՝ Ադրբեջանը) համաձայնել էին հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմներ ներդնելու առաջարկին: Այդ պայմանավորվածությունների իմաստը ռազմական ճանապարհով խնդիրները լուծելու հնարավորությունը բացառելն էր և այդպիսով կողմերին խաղաղ բանակցությունների հարցում այլընտրանք չթողնելը: Սակայն, այդ պայմանավորվածություններից Ադրբեջանը հետագայում միակողմանիորեն հրաժարվեց, սկսեց տորպեդահարել դրա իրականացումը, իսկ հայկական կողմը շարունակեց բանակցել առանց այդ մեխանիզմների ներդրման, ինչը, փաստորեն, Ադրբեջանին տալիս էր պահեստային ճանապարհ՝ հարցը ռազմական դաշտ տեղափոխելու հարցում: Թե՛ եռանախագահները, թե՛ Հայաստանը, չպատժելով Ադրբեջանին պայմանավորվածությունից հետ կանգնելու համարա, ազատ տարածք թողեցին Ադրբեջանին՝ բանակցություններից ցանկացած պահի հրաժարվելու և պատերազմ վարելու հարցում: Ընդ որում, անելու դա՝ ագրեսիան ներկայացնելով որպես «հայկական  կողմի սադրանքին պատասխան գործողություն», որովհետև մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմների բացակայության դեպքում միջազգային հանրությունը զրկված է հասցեական մեղադրանքներ հնչեցնելու հիմքերից, քանզի ամրագրված չէ, թե ով կրակեց առաջինը: Հիմա տեղի է ունենում հենց դա, և միջազգային հանրության անդեմ կոչերը հենց վերը նկարագրվածի հետևանքն են:

Ի՞նչ է ասում միջազգային հանրությունը. առանց նախապայմանների անհապաղ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Եվ վերջ. ո՛չ պատժի, ո՛չ կանխարգելման մասին ո՛չ մի խոսք: Պարզապես վերադառնալ բանակցային սեղանին ու ձեռք բերել պայմանավորածություններ, որոնք չեն պահվելու ու վերակառուցել տներ, որոնք քանդվելու են, բուժելու մարդկանց, որոնք զոհվելու են… հաջորդ պատերազմում:

Պատժի մեխանիզմի բացակայությունը դառնում է խրախուսանքի մեխանիզմ ագրեսիայի համար: Եվ Հայաստանը ամեն անգամ առանց որևէ պատիժ սահմանելու վերադառնալով պատերազմ-բանակցություն-պատերազմ փակ շրջանին՝ վերահաստատում է Ադրբեջանի այն համոզմունքը, որ ցանկացած պահի կարելի է թողնել բանակցային սեղանը, պատերազմել, անհաջողության դեպքում ԵԱՀԿ ՄԽ կոչերի և ջերմ հրավերների պայմաններում վերադառնալ ու պատրաստվել հաջորդ փորձին:

Բանակցային գործընթացի առանցքը մինչ այժմ եղել է փոխզիջումը: Այս համատեքստում Ադրբեջանին աջակցող պետությունները հստակ գիտեն՝ ինչ անել. ճնշումներ գործադրել Հայաստանի նկատմամբ, որպեսզի այդ զիջումները լինեն հնարավորինս մեծ, հնարավորինս արագ և հնարավորինս ոչ փոխադարձ: Իսկ ի՞նչ պետք է անեն Հայաստանին աջակցող պետությունները: Առաջին հայացքից պատասխանը հստակ է. ճանաչեն Արցախի հռչակած անկախությունը: Բայց միջազգային հարաբերություններն ունեն հստակ կանոններ, որոնցից մեկը «մատի ու մատանու արանքը չմտնելն է»: Այսինքն, եթե Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է փոխզիջումների, պատրաստ է վերադառնալ պատերազմ-բանակցություն-պատերազմ փակ շրջանին, որևէ պետություն չի ճանաչի Արցախը ոչ անկախ, ոչ էլ Հայաստանի մաս, որպեսզի չվնասի փոխզիջման ու բանակցելու ջանքերին: Այսպիսով Հայաստանը կապում է միջազգային գործընկերների ձեռքերը իրեն աջակցելու հարցում, և ոչ մի պետություն այս պարագայում Հայաստանից ավելի արմատական դիրքորոշում չի բռնելու: Ուստի պետք է կայացնել որոշում Արցախի կարգավիճակի վերաբերյալ՝ լինի անկախության, թե միացման տարբերակը, և իրավական ամրագրում տալ դրան, որպեսզի Հայաստանին աջակցել ցանկացող երկրները հնարավորություն ունենան ճանաչել դա:

Այսօր աշխարհը փոփոխվում է առավել արագ, քան մենք սովոր ենք եղել դրան: Միջազգային իրավունքի նորմերը, որոնք ամրագրվել են հանուն խաղաղության և կայունության, այսօր կոնկրետ փորձությունների հանդիպելով՝ զարգացում են ապրում: Մեզ հետաքրքրող համատեքստում ինքնորոշման և տարածքային ամբողջականության իրավունքները ևս ենթարկվում են փորձությունների: Տարածքային ամբողջականության իրավունքը ամրագրվել է, որպեսզի յուրաքանչյուր պետություն իմանա, որ եթե հարձակվի այլ պետության վրա ու գրավի նրա տարածքները, դա երբեք չի ճանաչվի: Այդ կերպ միջազգային հանրությունը ամրագրել է երաշխիք, որ որևէ մեկը իր ուժեղ պահին չի հարձակվի թույլ հարևանի վրա ու չի զավթի իր հարևանի տարածքը: Բայց այսօր սեղանին է կոնկրետ իրավիճակ, երբ ուժեղ հարձակվողը ոչ թե գրավել, այլ կորցրել է տարածքներ: Տարածքային ամբողջականության իրավունքի տեսանկյունից նայելով այս խնդրին՝ միջազգային հանրությունը հանգում է եզրակացության, որ այդ տարածքները ևս պետք է վերադարձվեն: Բայց ի՞նչ է սա, եթե ոչ խրախուսանքի մեխանիզմ հարձակվողի համար: Այդ ո՞վ չի հարձակվի, եթե վստահ լինի, որ կորցրածը հետ է ստանալու: Տարածքային ամբողջականության այս բացարձակացված ընկալումը ուղիղ հակասության մեջ է այն նպատակի հետ, որի համար այդ իրավունքն ամրագրված է. այն է՝ ստեղծել զսպման մեխանիզմներ, որ մի պետությունը չհարձակվի մյուսի տարածքը գրավելու նպատակով: Եվ այստեղ՝ Արցախի հարցում, այդ իրավունքը զարգացման կարիք ունի: Որովհետև հարձակվողը չի կարող ունենալ տարածքային ամբողջականության իրավունք: Ինքնորոշված ժողովրդի կյանքը դժոխքի վերածողը, նրանց պատերազմական պատրաստության մեջ ներքաշողը, նրանց երեխաներին անձնազոհության գնալ պարտադրողը, նրանց տները ավիրողը, նրանց ունեցվածքը ոչնչացնողը չի կարող ունենալ տարածքային ամբողջականության իրավունք, որովհետև դա դեմ է աշխարհի վրա խաղաղ ապրելու բոլոր երաշխիքներին, որովհետև դա ծնելու է նոր պատերազմներ արդեն այլ տարածքներում:   

Հայաստանի քաղաքական շրջանակները և հատկապես կառավարող շրջանակները պետք է հստակ գիտակցեն, որ աշխարհում չկա մի երկիր, որի նկատմամբ ճնշումներ չեն բանեցվում: Այո՛, մենք հանդիպելու ենք դիմադրության: Բայց մենք գտնելու ենք նաև հզոր աջակցություն, որովհետև աշխարհը հենված է բալանսի վրա, ու եթե մի տեղ կա ճնշող ազդեցություն, ապա անպայման ձևավորվելու է հակազդեցության ճակատ: Ահա այդ երկրորդ ճակատը ձևավորելն է Հայաստանի արդի դիվանագիտական խնդիրը:

Հիմա Թուրքիան գաղութացնում է Ադրբեջանին, տարածաշրջանում նրա ազդեցությունը և ռազմական ներկայությունը մեծանալու է: Հակամարտության մեջ ահաբեկիչներ ներգրավելով՝ Թուրքիան անուղղակիորեն մեծացրել է նաև Հայաստանի դերը՝ որպես ահաբեկչության և Թուրքիայի միջազգային խուլիգանության դեմ կանգնած հաստատակամ ուժի: Իսկ դա ենթադրելու է բևեռների միջև նախկինում չտեսնված կոնսենսուսներ Հայաստանի շուրջ, ենթադրելու է գումար, ենթադրելու է զենք, դիվանագիտական աջակցություն: Եվ ամենևին ոչ մեր սիրուն աչքերի համար: Հայաստանը ստանձնում է տարածաշրջանի անվտանգության երաշխավորի դերակատարում, որի մասին հայտարարում էր տարիներ շարունակ և որի կարողությունը ապացուցեց վերջին օրերին:

Մեր այս դերակատարումը ոչ միայն թույլ է տալիս, այլև պարտադրում է մեզ չվերադառնալ պատերազմ-բանակցություն-պատերազմ ձևաչափին: Գործելով այդպիսի սխալ՝ մենք պարզապես կստիպենք, որ տարածաշրջանային հարցերը լուծելիս մեր հարցին անդրադարձ չկատարվի և բաց կթողնենք մեր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու հնարավորությունը: Պե՛տք է կայացնել որոշում՝ համահայկական որոշում Արցախի կարգավիճակի (անկախություն կամ միացում) վերաբերյալ և ստիպել, որ խոսակցության թեմա դառնա ոչ թե Հայաստանի կողմից զիջումների գնալ-չգնալը, այլ Արցախի այդ կարգավիճակը ճանաչել-չճանաչելը: Որովհետև, երբ խառնակ իրավիճակներում հայտնվում է նոր դիրքորոշում, բևեռները ստիպված են լինում դասավորվել այդ դիրքորոշման աջ ու ձախ կողմերում, ստիպված են լինում պայմանավորվել քեզ հետ: Այս դասը պետք է սերտած լինենք Թուրքիայի պատմությունից: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, երբ թվում էր, թե կար միջազգային կոնսենսուս Օսմանյան կայսրության տարածքը մասնատելու հարցում, Մուստաֆա Քեմալը դուրս եկավ իրերի այդ դրության դեմ ու, ի հեճուկս մահապատժի ենթարկվելու սպառնալիքի, հռչակեց Թուրքիայի Հանրապետությունը: Կարճ ժամանակ անց Օսմանյան կայսրության պոտենցիալ փայատերերից յուրաքանչյուրը բանակցություններ սկսեց նրա հետ, և միջազգային կոնսենսուսը փուլ եկավ՝ տեղ բացելով Թուրքիայի Հանրապետության ծնունդի համար: Մեր դեպքում միջազգային կոնսենսուսը հարցի փոխզիջումային և առանց նախապայմանների լուծումն է, մահապատժի սպառնալիքը՝ սանկցիաները, ճնշումները, ահաբեկիչները, իսկ անելիքը՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը: Կգնա՞նք մենք դրան՝ կստանանք Արցախի խնդրի լուծումը, չենք գնա՝ Արցախի հաշվին ուրիշները կլուծեն իրենց խնդիրները: Ուստի, օր առաջ կառավարող շրջանակը պետք է ներառի հայ քաղաքական ողջ սպեկտրը (այդ թվում՝ Արցախի քաղաքական ուժերին) քննարկումների մեջ ու միասնական որոշում դուրս բերի այդ հարցի վերաբերյալ:

Հավելեմ միայն, որ քննարկվող տարբերակներից ռազմական համագործակցության պայմանագրի կնքումը միջազգային խաղացողների վերաբերմունքին ոչ արժանի թղթի կտոր է լինելու և մեր այսօրվա խնդիրների համար բացարձակ ոչ մի նշանակություն չի ունենալու: Իր քաղաքական կշռով այն ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի առաջ բողոքի պլակատ պարզելուց ո՛չ ավել ու ո՛չ պակաս կարևոր մի բան է:Խաղաղություն, իմաստություն ու համերաշխություն եմ մաղթում մեր հանրությանը իր համար պատմական այս օրերում:

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter