HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կազմակերպված թիկունքը՝ հաղթանակի գրավական. Գյումրեցի կանայք առաջին բուժօգնության դասընթացների են մասնակցում

Գյումրու համայնքային ենթակայության Երիտասարդական պալատ ՊՈԱԿ-ում հոկտեմբերի 1-ից սկսվել են առաջին օգնության արագացված դասընթացները: «Արցախյան պատերազմն սկսվելու 2-րդ օրվանից մենք սկսել ենք հագուստ հավաքել եւ պահեստավորել, որ կարողանանք առաջին իսկ հնարավորության դեպքում ուղարկել պահանջվող վայր: Դրան զուգահեռ փորձում էինք նաեւ հասկանալ, թե ինչի պահանջարկ կա եւ ինչպես կարող ենք օգնել ոչ միայն առաջին գծում կռվողին, այլեւ՝ թիկունքին,-ասում է Երիտասարդական պալատի տնօրեն Լիլիթ Մակարյանը,-հաշվի առնելով ապրիլյանի դասերը, հասկանում էինք, որ գալու է մի պահ, որ սննդի եւ հագուստի պահանջ այլեւս չի լինելու: Որոշեցինք այս անգամ գնալ իրազեկման, գիտելիքներ տալու ճանապարհով: Մենք ներքին հարցում անցկացրեցինք եւ պարզեցինք, որ շատերը ցանկանում են տիրապետել առաջին օգնություն ցուցաբերելու տարրական գիտելիքներին: Դիմեցինք Շիրակի մարզպետին, քանի որ այս օրերին ոչ մեկ ինքնագործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, ստացանք հավանություն, անգամ՝ աջակցություն, քանի որ պարոն Պետրոսյանն անձամբ զանգահարեց ՀայկականԿարմիր խաչին, որ մեզ համար դասընթացներ կազմակերպեն»

Հայկական Կարմիր Խաչի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել երկօրյա արագացված դասընթացների: Քանի որ մասնակցության հայտ ներկայացրածների թիվը հատել էր 100-ի սահմանը, պալատի ղեկավարությունը՝ հաշվի առնելով համավարակն ու դրանով պայմանավորված սահմանափակումները, մասնակիցներին բաժանել է խմբերի:

«Հոկտեմբերի 1-ի եւ 2-ի դասընթացները Հայկական Կարմիր Խաչի ներկայացուցիչները անցկացրեցին՝ ամեն խմբում 30-35 հոգի մասնակիցներով: Քանի որ հայտագրումը շարունակվում է, դիմողներն էլ շատ են, մյուս խմբերի համար պայմանավորվել ենք, որ դասընթաց կվարի Գյումրու բժշկական քոլեջի դասախոս, վիրաբույժ, ազատամարտիկ Հարություն Կիրակոսյանը: Սա մեզ թույլ կտա չբավարարվել մեկ-երեկու օրով, այլ դարձնել շարունակական»,-նկատում է Լիլիթ Մակարյանը:

Հայկական Կարմիր Խաչի առաջին բուժօգնության բաժնի ավագ հրահանգիչ Վազգեն Բեժանյանի փոխանցմամբ, իրենք աշխատել են կարճ ժամանակամիջոցում մասնակիցներին փոխանցել գիտելիքներ, որոնք հնարավոր է կիրառել, մինչեւ մասնագիտացված բուժօգնության տեղ հասնելը: «Երկու օր՝ 4-5 ժամ տեւողությամբ դասընթացներ եղան, որոնց ընթացքում աշխատեցինք մասնակիցներին տալ գոնե տարրական գիտելիքները, որ կկարողանան կիրառել մարմնի ցանկացած հատվածում արյունահոսությունը դադարեցնելու, սրտի աշխատանքը վերակագնելու, մարդուն անգիտակից, շոկային վիճակից հանելու եւ այլ տրավմատիկ դեպքերում: Սովորաբար նման դասընթացները տեւում են 5 օր, լինում են նաեւ անհատական պարապմունքներ, սակայն հաշվի առնելով ներկա իրավիճակը եւ մեր ծանրաբեռնվածությունը՝ սամափակվեցիք երկու օրով,-նշում է  Վազգեն Բեժանյանը,-մասնակի ներին փոխանցել ենք եւ տեսակն, եւ գործնական գիտելիքներ, առավել հենվելով գործնականի վրա: Աղջիկները սովորեցին տարբեր վնասվածքների դեպքում կիրառվող վիրակապման ձեւերը, յուրացերցին առաջին բուժօգնության այբուբենը՝ ինչպես պահեն իրենց մինչեւ ասենք վիրավորին հիվանդանոց հասցնելը կամ մասնագիտացված բրիգադի ժամանումը»:

Երիտասարդական պալատի տնօրեն Լիլիթ Մակարյանը մտադիր է առաջին բուժօգնության դասընթացների կազմակերպմանը զուգահեռ իրականացնել նաեւ քաղպաշտպանության վերաբերյալ դասընթացներ: «Տա Աստված, որ այն, ինչ հիմա սովորում են մեր աղջիկները, երբեք կիրառելու առիթ չունենան: Մենք սկզբում մտածում էինք, որ դասընթացները կանենք տարիքային որոշակի սահմանափակմամբ՝ այսինքն կընդգրկնեք սկսած 20 տարեկանից, սակայն դեռատի աղջիկների կողմից այնքան շատ էր արձագանքը, որ մենք տարիքային սանդղակն իջեցրեցինք մինչեւ 14-ից սկսած,-նշում է  զրուցակիցս,-բացի այդ, որոշել ենք նաեւ քաղպաշտպանության վերաբերյալ դասընթացներ սկսել, քանի որ այս ոլորտում բնակչությունը աղքատիկ, ես կասեի՝ մոտավոր պատկերացումներ ունի: Մարդիկ չգիտեն, որտեղ եւ ինչպես պաշտպանվել: Ինչպես ասում են՝ տեղեկացված ես, ուրեմն զինված ես: Մենք հիմա թիկունքում ամեն ինչ անում ենք, որ առաջնագիծը ուժեղ լինի»:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter