Սոցիոլոգիական հարցում. ԲՀԿ-ն կհաղթի խորհրդարանական ընտրություններում, իսկ Սերժ Սարգսյանը՝ նախագահական
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպությունն այսօր հրապարակել է «Հարցում. նախընտրական պատկերը Հայաստանում» հետազոտության արդյունքները: Պատահաանության սկզբունքով հարցմանը մասնակցել է 1600 մարդ՝ հանրապետության ամբողջ տարածքից:
Եթե Ազգային ժողովի ընտրությունները լինեն այս կիրակի, ապա հարցման մասնակիցների 41 տոկոսը կքվեարկի ԲՀԿ-ի օգտին, իսկ 36 տոկոսը՝ ՀՀԿ –ի: Այլ կուսակցությունների օգտին կքվեարկի հարցվածների 23 տոկոսը, նույնքան մարդ էլ ընդհանրապես չի մասնակցի ընտրություններին:
Հարցում է անցկացվել նաեւ նախագահական ընտրությունների վերաբերյալ: Եթե ընտրություններն անցկացվեն այս կիրակի, ապա գործող նախագահ Սերժ Սարգսյանին ձայն կտա քաղաքացիների 33 տոկոսը:
Հարցվածների 100 տոկոսը նախագահ Սերժ Սարգսյանին ընդունում է որպես փորձառու քաղաքական գործիչ, իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին այդպիսին ընկալում է հարցվածների 77 տոկոսը:
Գագիկ Ծառուկյանին վստահելի համարում է հարցվածների 87, իսկ Սերժ Սարգսյանին՝ 71 տոկոսը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցմանը, նշեց, թե ՀՀԿ-ի ընտրազանգվածն ամենակայունն է եւ ամենամեծ շանսերն ունեն ընտրություններում առաջատար լինելու համար:
«Կարծում եմ` ժողովուրդը, ճիշտ դատելով, մայիսի 6-ին կտա իր վստահության քվեն: Հանրապետականը այս ընտրապայքարի քաղաքական ֆավորիտն է եւ հստակ գնում է ընտրությունների: Հանրապետականն է այսօրվա հայաստանյան ամենաազդեցիկ քաղաքական ուժը, եւ համոզված եմ, որ ամենաազդեցիկ ուժն է լինելու նաեւ առաջիկա 5 տարիներին»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա համոզված է, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո հենց ՀՀԿ-ն է քաղաքական մեծամասնություն լինելու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել