HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սպասվում է բյուջեի ընթացիկ ծախսերի աճ` 40 մլրդ դրամի չափով. փոփոխություններ՝ բյուջեի մասին օրենքում

Հոկտեմբերի 6-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ` 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրակարգով: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի կայքից:

Պետական բյուջեում փոփոխությունները պայմանավորված են հայտարարված ռազմական դրության ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելու նպատակներով:

Ըստ նախագծի` առաջարկվում է չսահմանափակել պետական բյուջեի մասին օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգրավելու, ինչպես նաև օրենքով նախատեսված եկամուտների հաշվին բյուջետային ծախսերը և ելքերն ավելացնելու, չնախատեսված ծրագրեր և միջոցառումներ հաստատելու, հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարն ավելացնելու օրենսդրական հնարավորությունները:

Նշվում է նաև, որ նախատեսված նպատակներով իրականացվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը, ըստ անհրաժեշտության, կուղղվեն առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) և պետական արժեթղթերի (այդ թվում՝ պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի) իրացումից ստացված միջոցները (այդ թվում բյուջետային ելքերի ֆինանսավորման համար չնախատեսված գումարները): Նշված նպատակների համար առաջարկվում է ուղղել նաև պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2020 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկային գումարները և պետական պարտատոմսերի տեղաբաշխումից զուտ մուտքերը, ինչպես նաեւ 2020 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարները:

Հիշեցնենք, որ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը սահմանում է, որ Կառավարությունը ռազմական դրություն հայտարարվելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:

Նախագծում նշվում է, որ ռազմական գործողությունների պատճառով սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաև անորոշությունների և ռիսկերի աճ: Արդյունքում, 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում` ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման փոխարեն: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ` ապրիլին բյուջեի հիմքում ընկած 6485 մլրդ դրամի փոխարեն:

Տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները կնվազեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ի նվազումը, հետևաբար տեղի կունենա հարկեր/ՀՆԱ-ի անկում՝ 0.3 տոկոսային կետի չափով: Անվանական ՀՆԱ-ի, ինչպես նաև հարկեր/ՀՆԱ-ի նվազման պայմաններում, սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով:

Ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով:

Սպասվում է, որ 2020թ.-ին պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1,320.5 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 21.4%), ինչը 112.7 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.7 տոկոսային կետով) ցածր է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 35.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.3 տոկոսային կետով)  փոքր է 2021թ.-ի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ.-ի սպասվող ցուցանիշից:

Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 1,637.4 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 26.5%), ինչը 9.5 մլրդ դրամով մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 40 մլրդ դրամով մեծ է 2021թ.-ի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ.-ի սպասվող ցուցանիշից:

Պետական բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 459.0 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 7.4%), ինչը 134.8 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 2.4 տոկոսային կետով) ավելի մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 75.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 1.3 տոկոսային կետով)  ավելի մեծ է 2021թ.-ի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ.-ի սպասվող ցուցանիշից:

Նշվում է նաև, որ պակասուրդի վերոնշյալ փոփոխությունները կհանգեցնեն ՀՀ կառավարության պարտքի բեռի աճին: Մասնավորապես, սպասվում է, որ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կհասնի շուրջ 67%-ի՝ հատելով 60% սահմանային շեմը:

Հիշեցնենք, որ նախագիծը արտահերթ նիստի օրակարգ ընդգրկվելու համար պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը: Արտահերթ նիստը կհրավիրվի հերթական նիստերի ավարտից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter