HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ամենակարողը պակիստանցի լրագրող Մուսարրաթ Ուլլահ Ջանին փրկել է 5 անգամ

Մուսարրաթ Ուլլահ Ջանը (Musarrat Ullah Jan) պակիստանցի լրագրող է, ով աշխատում է Դունյա (Dunya) հեռուստացանցի Փեշավարի բյուրոյում: Նա մասնագիտացած է Խայբեր-Պակխտունկխվա նահանգի մայրաքաղաք Փեշավարում տեղի ունեցող հանցագործությունները, դատական գործերը, ռումբերի պայթյունները, մահապարտների հարձակումները լուսաբանելու և դրանց հետևանքով տուժած ընտանքների մասին տեսանյութեր պատրաստելու մեջ: Սակայն նա իր «լրագրողական կարիերայի թոփ նյութը» համարում է 2010թ. Փեշավարում տեղի ունեցած միասեռական զույգի ամուսնության մասին տեսանյութը: Դրա հեռարձակվելու արդյունքում մարդիկ Պակիստանում սկսեցին խոսել միասեռականների իրավունքների մասին: Մուսարրաթը նաև աշխատում է որպես հոդվածագիր ամերիկյան www.thirdreport.com կայքում և ֆոտոթղթակից անգլիական www.demotix.com կայքում: Նա արվեստաբանության ֆակուլտետի շրջանավարտ է: Իր կարիերայի ընթացքում նա նաև թարգմանիչ է աշխատել՝ ԶԼՄ-ներում նյութեր թարգմանելով անգլերենից ուրդու (Պակիստանի պետական լեզուն) և փուշտու (Խայբեր-Պակխտունկխվա նահանգի մայրենի լեզու): Մուսարրաթ Ուլլահ Ջանը պատասխանեց «Հետքի» հարցերին:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության 2011-2012թթ. համաթվի աղյուսակում Պակիստանը 151-րդն է 179 երկրի շարքում: Ըստ կազմակերպության կայքի՝ «Պակիստանը 2-րդ տարին անընդմեջ լրագրողների համար ամենամահացու երկիրն էր աշխարհում»: Դուք համաձա՞յն եք այս գնահատականին, թե՞ Ձեր կարծիքով այն կանխակալ է:

Այո, ես համաձայն եմ «Լրագրողներ առանց սահմաններիի» զեկույցին: Սեպտեմբերի 11-ի դեպքից հետո մեր ժուռնալիստիկան ամբողջովին փոխվեց հիմնականում մեր նահանգի ցեղային տարածքներում, որովհետև գրոհայինները հիմնականում ապրում են այդտեղ, և այդ տարածքների լրագրողները դժվարություններ ունեն: Օրինակ՝ եթե մի լրագրող իր ցեղային տարածքից որևէ բան հաղորդեր մեծ քաղաքներում տպագրվող թերթերին, և գրոհայիններին այդ հրապարակումը դուր չգար, ապա լրագրողը կպատժվեր. նրան կառևանգեին, կսպանեին, կծեծեին կամ տունը կռմբահարեին: Այդ պատճառով ցեղային տարածքների լրագրողների մեծ մասը հեռացավ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Մյուս կողմից, եթե նրանք գրեն որևէ բան, որը դուր չի գա անվտանգության ուժերին, նրանք կկանգնեն նույն խնդիրների առաջ: Ահա թե ինչու շատ լրագրողներ դառնում են երբեմն գրոհայինների, երբեմն էլ անվտանգության ուժերի թիրախը: Փեշավարը մահացու է դարձել լրագրողների համար: Մեր ժողովրդի 70 %-ն ապրում է գյուղական լեռնային վայրերում: Նրանցից 50 %-ն ապրում է ցեղային վայրերում, որտեղ թերթեր չկան: Թերթեր և համացանցից օգտվելու հնարավորություն կան միայն մեծ քաղաքներում:

Որպես հեռուստալրագրող՝ որքանո՞վ եք ազատ հեռուստանյութեր պատրաստելիս: Ձեզ թույլատրվա՞ծ է իրադարձությունները լսարանին ներկայացնել այն ձևով, որը ճիշտ եք համարում:

Մենք անում ենք հնարավորը՝ ցույց տալու համար իրականությունը, բայց որոշ հեռուստակայանների քաղաքականությունը դժվարություններ է ստեղծում մեզ համար: Բացի դրանից՝ հեռուստաընկերությունների մեծ մասի գլխավոր խմբագրատները մեծ քաղաքներում են, ինչպես Լահորը և Կարաչին: Մենք նյութեր ենք ուղարկում, բայց նրանք անտեսում են մեր նահանգի խնդիրները: Երբեմն գլխավոր խմբագրատունը փոխում է մեր ուղարկած նյութերը՝ ելնելով իր սեփական նպատակներից:

Պակիստանի լրագրողների շրջանում ինքնագրաքննությունը շա՞տ է տարածված:

Այո: Ես ավելի քան 12 տարվա փորձ ունեմ և տպագիր, և էլեկտրոնային լրատվամիջոցներում: Ժուռնալիստիկայում հաճախ է ինքնագրաքննություն լինում: Երկու տեսակի ԶԼՄ-ներում էլ որոշակի սահման կա յուրաքանչյուր լրագրողի համար: Որպես լրագրող՝ ես չեմ կարող որևէ բան ասել անվտանգության ուժերի, ոստիկանության կամ իշխող կառավարության դեմ, նույնիսկ եթե ապացույց ունենամ: Ես գիտեմ, որ եթե այդպիսի լուր գրեմ, թերթը չի հրապարակի այն, քանի որ թերթի տերը գովազդ է ստանում կառավարությունից: Թերթերի տերերը չեն ուզում վնասել իրենց բիզնեսը:

Շատ փորձագետներ ասում են, որ հայաստանյան ԶԼՄ-ների հիմնական խնդիրն այն է, որ դրանք իրականությունը ներկայացնում են կամ սև, կամ սպիտակ՝ կամ չափազանց ընդդիմադիր, կամ չափազանց իշխանամետ: Այսինքն՝ լրատվամիջոցը չի կարողանում կարծիքների բազմազանությամբ ապահովել իր լսարանին: Այս խնդիրը Պակիստանի ԶԼՄ-ներին նո՞ւյնպես բնորոշ է:

Նույն խնդիրը Պակիստանում է: PTV-ն պետական հեռուստաալիք է, որի ծրագրերի մեծ մասը կարծես ասում է. «Երկրում ամեն ինչ լավ է»: Նույն դիրքորոշմանն է հետևում APP պետական լրատվական գործակալությունը: Մյուս կողմից, թերթերը վերահսկվում են տեղեկատվության և հեռարձակման նախարարության և կառավարության տեղեկատվության բաժնի միջոցով: Մամուլի և տեղեկատվության բաժինը, որը գրասենյակներ ունի յուրաքանչյուր նահանգում, գովազդներ է տալիս թերթերին: Թերթերի մեծ մասն իշխանամետ է: Փերվեզ Մուշարաֆի դարաշրջանում ՝ 2001թ., սկսեցին գործել մասնավոր հեռուստաալիքները: Ուստի, 20 տարի առաջվա համեմատ իրավիճակը փոխվել է: Բայց այն դեռ բարելավվելու կարիք ունի:

Պակիստանում կարո՞ղ է լավ գրված ու փաստերով հիմնավորված հետաքննական հոդվածը, որում բացահայտվում են ապօրինություներ, օրինակ՝ կոռուպցիա բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, պատճառ դառնալ հրաժարականների, ձերբակալությունների և դատական գործերի հարուցման այդ պաշտոնյաների դեմ, թե՞ այն ոչինչ չի փոխի: Նախադեպեր կա՞ն, երբ լրագրողների բացահայտումների արդյունքում պաշտոնյաները պատախանատվության են ենթակվում:

Այո, ներկա իրավիճակում այդպիսի հոդվածների արդյունքում փոփոխություն լինում է, քանի որ դատարանները հիմա գործում են ազատ և որոշումներ են կայացնում բաց, առանց վերևների հրահանգի: Բայց բարդություններ կան այն լրագրողների համար, ովքեր գրում են հետաքննական նյութեր: Հիմնական խնդիրն այն է, որ 3, 4, նույնիսկ 10 տարի է տևում, մինչև դատարանը որոշում է կայացնում: Արդարադատությունը հապաղում է Պակիստանի հասարակությունում:

Ղուրանը որևէ սահմանափակում կամ կանոններ պարտադրո՞ւմ է տեղեկատվություն տարածելու և լուրեր հաղորդելու վերաբերյալ:

Ոչ, Ղուրանում ժուռնալիստիկայի ոչ մի սահմանափակում չկա: Ղուրանը սատարում է ճշմարտությունը: Որպես լրագրող՝ մենք փորձում են ճշմարտությունը ցույց տալ բոլորին:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ այս տարի ողջ աշխարհում սպանվել է 11 լրագրող: Նրանցից մեկը պակիստանցի լրագրող Մուքարրամ Խան Աթիֆն է Dunya News-ից, ով սպանվեց հունվարին: Նրա սպանությունը պատշաճ կերպով հետաքննվե՞լ է:

Մուքարրամ Խան Աթիֆը իմ մտերիմ ընկերն էր: Մենք հիմնականում լուսաբանում էինք ռումբերի պայթյուններ: Նրա մահից հետո մեր նահանգում բոլորը վախեցած են, հատկապես լրագրողական համայնքը: Թեև նա միշտ անկողմնակալ ձևով էր լուրեր հաղորդում, բայց դարձավ «Թալիբանի» թիրախը: «Թալիբանը» ստանձնեց Մուքարրամ Խան Աթիֆի մահվան պատասխանատվությունը, և գործը փակվեց, քանի որ կառավարությունը մուտք չունի այն վայրեր, որտեղ գործում է «Թալիբանը»:

Մուսարրաթ, Մուքարրամ Խան Աթիֆի սպանությունից հետո Դուք փոփոխություններ ու վերանայումներ արե՞լ եք Ձեր սեփական աշխատանքում՝ այն առումով, որ ավելի զգույշ եք դարձել և խուսափում եք բաներից, որոնցից չէիք խուսափում անցյալում:

Այո, ընկերոջս մահը ինձ ևս վախեցրեց: Հիմա՝ ուղիղ եթերների ժամանակ, մենք անհանգստանում ենք: Եթե ահաբեկչության մասին որևէ հաղորդում է, ես հատկապես անհանգստանում եմ, որ կարող է մի փաստ ասեմ, որը կբարկացնի «Թալիբանին»: Ուստի, լուրեր հաղորդելը հեշտ չէ:

Ընդհանուր առմամբ, Պակիստանում լրագրողների սպանությունները պատշաճ կերպով հետաքննվո՞ւմ են: Լրագրողների դեմ այդպիսի հանցանքների մեղավորները պատժվո՞ւմ են:

Ոչ, նույնիսկ Սալեմ Շահզադի սպանությունը: Սալեմ Շահզադը Կարաչիում ապրող լրագրող էր՝ Asia Times Online-ի թղթակիցը: Անցյալ տարի անհայտ անձը տանջամահ արեց նրան, բայց ըստ վերջին արձանագրության, որը շրջանառվում է լրագրողական համայնքում՝ նրան սպանել է անվտանգության գործակալությունը: Սակայն ապացույց չկա: Դենիել Փըրլը ամերիկացի լրագրող էր: Այդ պատճառով նրա սպանության մեջ ներգրավված մարդիկ կալանավորվեցին: Եթե նա պակիստանցի լրագրող լիներ, նրա ընտանիքը դեռ արդարություն որոնելիս կլիներ:

Հաճա՞խ եք սպառնալիքներ ստանում: Ի՞նչ եք անում այդ դեպքերում:

Այս ամիս անվտանգության ուժերը հայտնի գրոհայինների էին ձերբակալել լեռնային շրջաններից: Քանի որ դատարանը անվտանգության ուժերին կարգադրել է այս մարդկանց ապահովել բուժսպասարկմամբ, նրանց հիվանդանոց էին ընդունել: Նրանց մեծ մասը հիվանդ է՝ կտտանքների ենթարկվելու պատճառով: Ես հիվանդանոցում էի և նկարահանում էի: Անվտանգության մի աշխատակից սկսեց սպառնալ ու ձանձրացնել ինձ: Նա ասաց. «ԶԼՄ-ները խառնաշփոթ են ստեղծում երկրում: Ժողովուրդ, ձեզ հետևում են: Ձեզ կսպանեն, և թռչունները կուտեն ձեր մարմնի մասերը»: Այս մարդը քաղաքացիական հագուստով անվտանգության գործակալ է: Ես պատասխանեցի. «Փակիր բերանդ: Եթե ուզում ես սպառնալ ինձ, ապա արի և տեսախցիկի առաջ ասա այն, ինչ ուզում ես»: Նա գնաց: Դրանից հետո ես դիմումներ գրեցի Խայբերի լրագրողների միությանը և Փեշավարի մամուլի ակումբին (ես Փեշավարի մամուլի ակումբի ավագ փոխնախագահն եմ): Բոլորն ինձ ասացին. «Մի բարդացրու առանց դրա էլ լարված իրավիճակը: Ուղղակի աշխատիր ու մոռացիր, թե նա ինչ ասաց: Նրանք իրավունք ունեն անելու ցանկացած բան»: Սա է այն խորհուրդը, որն ինձ տվեցին ավագ լրագրողները:

Ձեր աշխատանքի ժամանակ երբևէ Ձեզ վրա հարձակվե՞լ են:

Իմ աշխատանքի ժամանակ Ամենակարողը 5 անգամ փրկել է ինձ: Երկու անգամ անվտանգության ուժերը սկսեցին կրակել ինձ վրա: Աստված նաև ինձ փրկել է 1 անգամ մահապարտի հարձակման և 2 անգամ՝ ռումբի պայթյունի ժամանակ: Անվտանգության ուժերի մեծ մասը վատ է իրեն պահում աշխատանքային ժամերին: Մի անգամ, երբ հարցազրույց էի անում «Թալիբանի» առաջնորդ Մանգալ Բաղի հետ, սուր հարց տվեցի: Հարցազրույցից հետո նա ասաց ինձ. «Քո հարցը բարկացնում է ինձ: Ես քեզ ներքև կշպրտեմ սարից»: Այդ ժամանակ մենք կանգնած էինք սարի գագաթին Խայբեր ցեղային շրջանում (Պակիստանի ցեղային շրջանների մեծ մասը սարերում է): Ես անհանգստացա, որ նա կարող է ինչ-որ բան անել ինձ, բայց նա գնաց: Իմ հարցն էր. «Ի՞նչ տիպի իսլամ եք դուք տարածում: Իսլամը սիրո կրոն է, իսկ դուք թուր եք բարձրացնում»: Դա նրան բարկացրեց:

Երբևէ մտածե՞լ եք ձեր երկիրը լքելու և մեկ այլ վայրում լրագրող աշխատելու մասին:

Այո: Երբեմն ես ուզում եմ լքել երկիրը, որովհետև այստեղ անվտանգություն չկա: Ինձ չի մտահոգում իմ ապրելը կամ մեռնելը: Ես միշտ անհանգստանում եմ իմ ընտանիքի համար: Ահա թե ինչու երբեմն ես մտածում եմ, որ լավ կլինի, եթե ընտանիքս ապրի մեկ այլ երկրում, իսկ ես աշխատեմ այստեղ:

Մուսարրաթ, ի՞նչն է ներշնչում Ձեզ և խրախուսում, որ լրագրող աշխատեք Պակիստանում:

Երբ նայում եմ շուրջս, տեսնում եմ շատ մարդկանց, ովքեր արդարություն են փնտրում: Իմ աշխատանքը հարթակ է տալիս այն մարդկանց, ում համար հասանելի չեն արդարադատությունը կամ բաց խոսքը: Դա ինձ խիզախություն է տալիս, որ լրագրող աշխատեմ: Օրինակ՝ մի անգամ ռումբի պայթյուն լուսաբանեցի, որի արդյունքում մի ընտանիքի օգնեցին: Ընտանիքի միակ որդին սպանվել էր պայթյունի ժամանակ: Այս ընտանիքի ոչ նախանձելի վիճակի մասին իմ նյութը կարդալուց հետո մի մարդ ֆինանսապես օգնեց նրանց: Որպես լրագրող օգնելը աշխատելու դրդապատճառ է: Ժուռնալիստիկան իդեալական ու հարգված մասնագիտություն է, եթե մարդը նվիրված է դրան:

Կարո՞ղ եք Ձեր ապրուստը վաստակել՝ միայն լրագրող աշխատելով Պակիստանում:

Ոչ ամբողջովին: Այդ պատճառով է, որ ես փորձում եմ համագործակցել արտասահմանյան ԶԼՄ-ների հետ, որպեսզի փող աշխատեմ ընտանիքիս համար: Ես շրջանավարտի աստիճան ունեմ: Այդ աստիճանը ստանալու համար պետք է 14 տարի սովորես, իսկ մագիստրոսի աստիճան ստանալու համար՝ 16 տարի: Ես քննություն հանձնեցի և երկամյա մագիստրոսական դասընթացի ընդունվեցի: Մեկ տարի սովորելուց հետո ես դուրս եկա ֆինանսական խնդիրների պատճառով: Պետք է պահեի ընտանիքս: Բայց միևնույն է՝ ես ուզում եմ մագիստրոսի աստիճան ստանալ ֆիլմերի ֆակուլտետում, քանի որ ֆիլմերում դու շատ բաներ ցույց ես տալիս ինչպես մեծ կտավի վրա: Երանի կրթաթոշակ ստանայի:

Պակիստանի լրատվամիջոցներում երբևէ հանդիպե՞լ  եք Հայաստանի վերաբերյալ լուրերի:

Այնքան էլ չի լուսաբանվում: Ես Հայաստանի վերաբերյալ լուրերի եմ հանդիպում ամիսը մոտ մեկ անգամ: Այլապես լուր չկա: Հայաստանը նույնիսկ դեսպանատուն չունի Պակիստանոմ: Երանի կարողանայի այցելել Հայաստան և հանդիպել այնտեղի լրագրողներին:

Մեկնաբանություններ (4)

AK
Pordzeci mi poqr hetaqnnuthyun anel. Divanagitakan haraberuthyunner unenal chunenal@ voch mi kap chuni erkri ankaxuthyan chanchman het. Pakistan@ MIAK erkirn e, vor chi chanachel Hayastani amkaxuthyun@. Sakayn kan erkrner, vornc het Hayastan@ inch inch patcharnerov divanagitakan haraberuthyunner chuni, u da amenevin chi nshanakum the ayd erkrner@ chen chanachum Hayastani ankaxuthyun@. Konkret Saudyan Arabiayi chanachel e Hayastani ankaxuthyun@. Karogh eq zangaharel ArtGortsNaxararuthyun ev parzel.
M.
HARGELI SONA AVAGYAN DUQ SXALVUM EQ ETE KARCUM EQ VOR SAUDYAN ARABIAN CHI CHANACHEL HH [email protected] PAKISTAN@ CHI CHANACHEL HH ANKAXUTYUN@ EV AYD PAST@ NSHVACE TE AGN-I KAYQUM EV TE WIKIPEDIAYI RUSEREN BAJNUM. EV ES VORPES PATMABAN VSTAHECNUM EM VOR SAUDYAN ARABIAN CHANACHEL E HH ANKAXUTYUN@ BAYC DIVANAGITAKAN HARABERUTYUNNER CHEN HASTATVEL INCHPES EV MI SHARQ AYL ERKRNERI HET.
Սոնա Ավագյան
Հարգելի AK, ենթադրում եմ, որ Սոնա «Այվազյան» բառերը գրելով՝ նկատի ունեք ինձ՝ հարցազրույցի հեղինակիս: Իմ ազգանունը ոչ թե «Այվազյան» է, այլ Ավագյան: Ոչ, Պակիստանը միակ երկիրը չէ, որը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը: Համաձայն ՀՀ արտգործնախարարության՝ ՀՀ անկախությունը չի ճանաչել մեկ երկիր ևս՝ Սաուդյան Արաբիան: Սակայն սա ի՞նչ առնչություն ունի այս հարցազրույցի և լրատվության աղբյուրի տված պատասխանի հետ: Եթե զրուցակիցը որևէ բան է ասում, անպայման չէ, որ լրագրողը հարց տա դրա վերաբերյալ. նա կարող է հարց տալ կամ չտալ: Տվյալ դեպքում իմ նպատակն էր տվյալ հարցի միջոցով պարզել, թե արդյոք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանվո՞ւմ են Պակիստանի ԶԼՄ-ներում: Եվ այս հարցին զրուցակիցը, իմ համոզմամբ, տվել է սպառիչ և հավելյալ հարցեր չպահանջող պատասխան:
AK
Inch despanatan masin e xosq@, ete Pakistan@ miak erkirn e, vor@ chi chanacehl hayastani Hanrapetuthyan Ankaxuthyun@. Ete Sona Ayvazyan@ teghyak liner ayd pastin, indz tvum e ktasr ayd harc@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter