HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Թուրքական լիրան շարունակում է փլուզվել

Թուրքական լիրան շարունակում է «համառորեն» արժեզրկվել: Թուրքիայի կառավարության՝ լիրան փրկելու ջանքերն ապարդյուն են:

Թուրքիայի Կենտրոնական բանկի կայքում հրապարակված ամենաթարմ տվյալներով՝ հոկտեմբերի 2-ին 1 ԱՄՆ դոլարի վաճառքը կազմել է 7.74 լիրա, նախորդ օրը՝ 7.70 լիրա: Համեմատության համար՝ սեպտեմբերի սկզբի դրությամբ այն կազմել է 7.35 լիրա:

Վերջին` առնվազն հինգ տարիներին սա թուրքական լիրայի ամենաթույլ մակարդակն է: Որոշ վերլուծությունների համաձայն՝ լիրան հասել է պատմական նվազագույն մակարդակին. այն երբևէ այսքան արժեզրկված չի եղել։

Թուրքիայի կառավարությունը լիրան փրկելու ակտիվ քայլեր է փորձում անել այս տարվա մայիսից, երբ նկատվեց, որ այն կտրուկ արժեզրկվում է: Լիրայի արժեզրկման վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ սկսած կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության հոսքի դադարեցումից մինչև Թուրքիայի հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումներ, որոնց հետևանքով կրճատվում է այդ երկիր մտնող արտարժույթի քանակը, թուլանում են ներդրումներն ու առհասարակ ամբողջ տնտեսությունը։ Թուրքիայի կառավարությունը տարբեր փուլերով վաճառում է արտարժույթի պահուստների մի մասը՝ փորձելով փրկել լիրան։

Մայիսի կտրուկ անկումից հետո լիրան որոշակիորեն արժևորվել է, սակայն դա երկար չի տևել։

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտերի ֆոնին, որին բացահայտ ներգրավված է նաև Թուրքիան, ստեղծված բացասական ու խուճապային սպասումների հետևանքով լիրան կրկին հակառեկորդներ է սահմանում։ Թուրքիայի կառավարությանը չի հաջողվում դադարեցնել արժույթի դիրքերի թուլացումը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ և հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով։

Տվյալները՝ ամերիկյան «Բլումբերգ» գործակալության

Լիրայի արժեզրկումը վերջին տարիներին ակնհայտ է: Կտրուկ տատանումներ են գրանցվել 2018 թվականի օգոստոսին, երբ ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքը 4.8 լիրայից հասել է 6.5 լիրայի: Այս փլուզումը հետևանքն էր Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցների։ Մի քանի ամիս անց լիրան որոշակիորեն կայունացել է, սակայն դա ևս երկար չի տևել։ Հետագայում այն շարունակել է աստիճանաբար թուլանալ։

Տվյալները՝ ամերիկյան «Բլումբերգ» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter