
Արծրուն Հովհաննիսյան. «Մեր զորքերը ծանր և հերոսական պայքար են մղում՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ»
Այսօր շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում և հարավում, հատկապես՝ հարավում։ Հակառակորդը փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել՝ օգտագործելով մեծաքանակ զրահատեխնիկա, հրետանի և փորձել ճեղքել ռազմաճակատի գիծը։ Ծանր և համառ մարտերից հետո հակառակորդի առաջխաղացումը հնարավոր է եղել կասեցնել՝ պատճառելով նրան մեծ կորուստներ։
Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեր զորքերը ծանր և հերոսական պայքար են մղում՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ, իրենց հերոսական մարտով որոշում են ողջ հայ ժողովրդի ճակատագիրը»,-նշեց Հովհաննիսյանը։
Օրվա ընթացքում անընդմեջ մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ։ Այս ընթացքում, ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է 2300 անձնակազմ, միայն անցնող օրվա ընթացքում՝ 440-450 զինծառայող և ոչ զինծառայող, 800-900 վիրավոր։ Այսօր հաջողվել է խոցել մարտի մեջ մտած 45 զրահատեխնիկա, իսկ մարտի մեջ չմտած 10 զրահատեխնիկա խոցվել է հեռահար կրակով։ Հովհաննիսյանը սա աննախադեպ հաջողություն համարեց։
Միայն այսօր խոցվել է 10 ԱԹՍ։ Ընդհանուր առմամբ, արդեն 113 ԱԹՍ է խոցվել։ Միայն այսօր խոցվել է 3 Սմերչ կայան, 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ։ Զրահատեխնիկայի ընդհանուր կորուստը կազմում է 250 միավոր։
«Մեր զորքերը ցուցաբերում են աննախադեպ քաջություն, հմտություն, գրագիտություն և չեն նահանջում, կասեցնում են հակառակորդի դժվար, մեծ կրակային խտություն ունեցող հարձակումները»,-ամփոփեց Արծրուն Հովհաննիսյանը։
Մեկնաբանել