HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնադրվել է Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիան

Երեկ Լիբանանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել էր ընդունելություն' նվիրված Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադրմանը: Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա անդրադարձավ հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու գրավչության և ներդրումային քաղաքականության հիմնական սկզբունքներին, հայ համայնքի կարևոր դերին երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում:

Դեսպանը համոզմումք հայտնեց, որ նորաստեղծ կառույցը, շնորհիվ ասոցիացիայի նախագահ, գործարար Պիեռ Ֆատուշի և հիմնադիր անդամների նվիրվածության և ջանքերի, մեծապես կնպաստի հայ-լիբանանյան հարաբերությունների ակտիվացմանը հատկապես առևտրատնտեսական, զբոսաշրջության, ներդրումների խրախուսման ուղղություններով:

Նորաստեղծ ասոցիացիայի անդամներ են ոչ միայն լիբանանահայ գործարարները, այլև Հայաստանում իրենց գործունեությունը ծավալած «Բիբլոս» և «Քրեդիտ» բանկերի պաշտոնյաներն ու անհատ ձեռներեցները:

Այնուհետև ելույթ ունեցավ Բեյրութի և Լեռնային Լիբանանի առևտրատնտեսական և գյուղատնտեսության պալատի նախագահ, նաև ասոցիացիայի հիմնադիր անդամ Մոհամմեդ Շքեյրը: Նա ողջունեց ասոցիացիայի ստեղծումը, նշեց հայ համայնքի կարևոր դերը Լիբանանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, հավաստիացրեց, որ առևտրատնտեսական և գյուղատնտեսության պալատը պատրաստ է ասոցիացիային աջակցել բոլոր հարցերում:

Ասոցիացիայի նախագահ Պիեռ Ֆատտուշն իր խոսքում բարձր գնահատեց Հայաստանի և Լիբանանի ավանդական ջերմ հարաբերությունները, աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի աշխատասիրությունն ու նվիրվածությունը, իր երախտագիտությունը հայտնեց Լիբանանում ՀՀ դեսպանությանը սերտ համագործակցության և աջակցության համար: Նա համոզմումք հայտնեց, որ Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիան կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը առևտրատնտեսական, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ' միջոցառմանը ներկա էին նախարարներ, պատգամավորներ, օտարերկրյա դեսպաններ, պաշտոնյաներ Լիբանանի կառավարությունից, ԱԳՆ-ից, քաղաքական կուսակցությունների և հայ համայնքի տարբեր ազգային կառույցների ղեկավարներ, կրոնական առաջնորդներ, հյուրեր Զահլեից և հայաբնակ Անճարից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter