HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամավորագրվում են նաև բանտարկյալները

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Արցախյան պատերազմի մասնակցած ցմահ դատապարտյալներից մեկի հետ զբոսախցում պատից պատ ենք քայլում, տեղներս չենք գտնում: Նա էլ է դիմել, որ հնարավորություն տան` գնա ռազմաճակատ և պիտանի լինի իր մարտական փորձով: Բանտում, կարծես, ամեն երկրորդը պատրաստ է: Հետո մեր զրույցին են միանում բանտի աշխատակիցները, որոնք այս օրերին, ռազմական դրությամբ պայմանավորված, շատ են այստեղ: Համամիտ են, որ բանտերում ու գաղութներում փակված հազարավոր հայ տղամարդիկ կարող են և պետք է այս օրերին լինեն սահմանում:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ հեռուստացույցով իմացա, որ թշնամին հարձակվել է մեր Հայրենիքի վրա, ռմբակոծում է նաև Ստեփանակերտը, անմիջապես դիմում ներկայացրի` հայտնելով ցանկությունս` ուղևորվել մարտական դիրքեր, պիտանի լինել` զենքը ձեռքիս կռվել թշնամու դեմ, գիտելիքներիս և փորձիս ներածին չափով բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին: Իմացա, որ այստեղ շատ դատապարտյալներ գրավոր ու բանավոր ցանկություն են հայտնել՝ մեկնել կռիվ որպես կամավորներ: Մի մեծ ցուցակ է կազմվել: Արցախյան պատերազմում հետախուզական ջոկատի հրամանատար Սողոմոն Քոչարյանը, անկողնային հիվանդ լինելով, ասում էր` տարեք սահման, կապեք մի ծառից, ձեռքս զենք տվեք` գոնե մի քանի թուրք խփեմ, նոր գնամ էս աշխարհից:

Պարզ է` բոլորս միահամուռ պետք է պաշտպանենք մեր երկիրը, մեր ընտանիքները. մեր գոյատևման պատերազմն է սա, որը բնական իրավունք է: Ասում են, որ մենք անհատների ազգ ենք: Միգուցե հենց դրա մեջ է մեր փրկությունը, երբ անհատներն են միավորվում, անպարտելի ենք դառնում:

Լուրեր լսելով՝ իմացա, որ անհրաժեշտ է բացասական ռեզուսով արյուն մեր վիրավոր տղերքի համար: Դիմում ներկայացրի, որ ցանկանում եմ արյուն տալ: Մտովի թարմացնում եմ գիտելիքներս, որ ստացել եմ ոչ միայն բժշկական համալսարանում սովորելու տարիներին, այլ նաև շտապ օգնության հատուկ դասընթացներին մասնակցելուց ու այստեղ, հատկապես մահապատժի տարիներին, հիվանդ դատապարտյալներին օգնություն ցուցաբերելուց:

Աշխատասենյակից վերադառնում եմ խուց, ճանապարհին դատապարտյալ մի պապիկ, բոլորի աչքերից հեռու կանգնած, բռունցքով խփում է պատին, քթի տակ հայհոյում թուրքերին: Ինձ նկատելուն պես շուռ եկավ: Մի պահ լռություն էր, հետո բարձրացրեց շալվարի փեշերը, վերնաշապիկը՝ ցույց տալով հրազենից մնացած հետքերը.

- Պատերազմից ա մնացել, թուրքերի մերը …, պոլիտիկները պետք ա տոռմուզ չտային մեզ` գոնե Նախիջևանն էլ վերցնեինք: Տարիքով եմ, բայց հլը ձիգ եմ` տանեն, կռվեմ, մեր էրեխեքը ափսոս են` փորձ չունեն... թու՜, փոխանակ կռվի դաշտում լինեմ, ստեղ համբալություն եմ անում:

Մտովի վերադարձա դպրոցում ռազմական դասերին, երբ մեր դասատու Բենիկ Լևոնովիչը ինձ նշանակել էր ջոկատի հրամանատար, իսկ ուսանողական տարիներին մշտապես հաճախում էինք ռազմական ամբիոնի դասերին: Հիշեցի, որ չինացի զորավարներից մեկը ասել էր` «պատերազմը խաբելու, խորամանկելու արվեստ է»: Դեռ հնադարում մարդը փոս էր փորում, որ աժդահա մամոնտին փոսը գցի: Օրինակ` ինչու՞ խաղաղ ժամանակահատվածում սահմանի ողջ երկայնքով չենք փորում տանկերի և այլ զրահատեխնիկային համապատասխան չափերի խրամատներ և քողարկում: Հենց թշնամին հարձակվի, ցույց տանք, թե նահանջում ենք և գցենք ծուղակը:

... Առհասարակ ընդունված է պատերազմների ժամանակ նաև ազատազրկվածներին ներգրավել, քանի որ խոսքը գնում է սեփական հայրենիքի մասին, և ամեն տղամարդ պարտավոր է պաշտպանել իր հողը և ընտանիքը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովորական դատապարտյալները հազարներով էին գնում պատերազմելու: Խորհրդային իշխանությունները քրեական աշխարհի ներկայացուցիչներին, այդ թվում օրենքով գողերին նույնպես առաջարկեցին գնալ ռազմադաշտ և կռվել հանուն ժողովրդի և հայրենքի: Ըստ գրականության և վավերագրական ֆիլմերի նախկինում օրենքով գողերը չպետք է ամուսնանային, աշխատեին, ունենային սեփականություն, բիզնեսներ, նույնիսկ անձնագիր. նրանց ընտանիքը համապատասխան հանցագործ աշխարհն էր, և նրանք պետությունից դուրս էին, ազգության տարանջատում նույնպես չկար: Երկրորդ համաշխարհայինի տարիներին օրենքով գողերը բաժանվեցին երկու խմբի` որոշները զենք վերցրին ձեռքները և գնացին պատերազմելու, որոշները մնացին բանտերում ու գաղութներում` համարելով անթույլատրելի պետության համար կռվելը: Հաղթանակից հետո Խորհրդային Միությունում երկու խմբի բաժանված գողերի միջև սկսվեց առաջին «Գողական պատերազմը»: Ասում են, որ Սվոյ Ռաֆը շատ է օգնել Արցախյան պատերազմի ժամանակ` մեր տղաներին մեծ քանակությամբ զենք է տրամադրել, նաև վառելանյութ և այլն: Հետաքրքիր է` հիմա ինչպե՞ս է իրավիճակը, մոտեցումները: Կարծում եմ՝ բոլորն են միահամուռ օգնում:

Բնական է, իսկ թիկունքում մնացող հայ մարդը նույնիսկ իր վերջին դեղորայքը, հացը, հագուստը ուղարկում է ռազմաճակատ: Այո՛, այսօր միահամուռ դիմակայելու ենք թշնամուն ու պարտավոր ենք հաղթել: Աստված մեր ազգի հետ թող լինի ու թույլ չտա նոր ցեղասպանություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter