Երեւանում են ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական խմբի անդամները
Երեւանի ժամանակով 13:00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ կառավարական «Իլ-96» ինքնաթիռը (գրանցումը՝ RA-96019)։ Վերջինս ժամանել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից։
Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը «Հետքին» հայտնեց, որ ինքը տեղեկություն չունի Երեւան ժամանած ինքնաթիռի մասին: Մյուս կողմից՝ հայտնի է, որ Երեւանում հոկտեմբերի 9-ին նախատեսված է անցկացնել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Դեռ սեպտեմբերի 18-ին, երբ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան չէր սկսվել, ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Միշուստինի մասնակցությունը կախված է COVID-19-ի համավարակի իրավիճակից, սակայն, փաստորեն, սեպտեմբերի 27-ից հետո ստեղծվել է նոր իրավիճակ:
Այդուհանդերձ, վարչապետ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է անցկացնել նիստը: «Հայաստանը պատրաստ է հոկտեմբերի սկզբին ընդունել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երեւանում։ Ոչինչ չի փոխվել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն էլ «Հետքին» տեղեկացրեց, որ Մոսկվայից Երեւան են ժամանել միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական խմբի անդամները:
Մեկնաբանել