HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պայքարը հանուն ժողովրդավարության ու մարդու իրավունքի

Վահան Բուրնազյան

Հայերի այսօրվա գոյամարտը հանուն ինքնորոշման ու ժողովրդավարության է՝ ընդդեմ ավտորիտարիզմի։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս հակամարտությունը ոչ այնքան էթնիկ պատկանելության մասին է, որքան նրա, թե ինչպես են երեք բռնապետեր հարձակվում՝ տապալելու իրենց միջև զարգացող ժողովրդավարությունը։

Հայաստանի բնակչությունը՝ չնայած նրան, որ նախկինում մղվել է դեպի Ռուսատանի ազդեցության գոտի, 2018թ. ոտքի կանգնեց՝ մերժելու կոռումպացված համակարգը, ինչպես Բելառուսի բնակչությունն է անում այսօր, և որից հետո հայկական ժողովրդավարության իրականացումը շարունակվում է։ Հետևաբար, զարմանալի չէ, որ երեք բռնապետերը՝ Պուտինը, Էրդողանը և Ալիևը, ովքեր պարզ ասած վերացրել են ժողովրդավարական գործընթացներն իրենց սեփական երկրներում և ճնշում են իրենց սեփական տարածքներում ապրող փոքրամասնություններին, հանցավոր համագործակցությամբ միավորվելու էին՝ կասեցնելու հանուն ժողովրդավարության վարվող մի ժողովրդի շարժում, որի հիմքում ինքնորոշումը և մարդու իրավունքն է։

Հակամարտության պատմությունը հստակ է։ 1988թ. մարդու իրավունքի բնագավառում այլախոհ համարվող Անդրեյ Սախարովը հանրայնորեն ասաց մի բան, որի մասին բոլորը գիտեին. Սովետական Միության ներքին սահմանները ազգերին բաժանում էին՝ կայսերապաշտական «բաժանիր և տիրիր» քաղաքականության հիման վրա։ Արցախցիները դիմել են գոյություն ունեցող թե՛տեղական, թե՛ միջազգային իրավական ընթացակարգերի կիրառման համար, որպեսզի վերամիավորվեն Հայաստանի հետ, բայց Կոմունիստական կուսակցությունը արգելափակել է առաջինը, իսկ միջազգային հանրությունը ձախողել է ճանաչել երկրորդը։ Գերմանիան վերամիավորվեց, բայց Հայաստանի վերամիավորումը, որը հիմնավորապես բխում է ինքնորոշումից, ճանաչված չէ, քանի որ առավել մեծ դերակատարները շարունակում են վարել նույն «բաժանիր և տիրիր» քաղաքականությունը։ Քանի որ աշխարհի ցանկացած երկիր ինքնորոշման դրսևորման արդյունք է, անհնար է, որ որևէ երկրի տարածքային ամբողջականության պահանջը երբևէ գերակա լինի ինքնորոշման սկզբունքի նկատմամբ։ Սա հատկապես ճշմարիտ է տարածքային պահանջատիրության համատեքստում, ինչպիսին ադրբեջանականն է՝ հիմնված սովետական ներքին սահմանների վրա, որոնք հատուկ ստեղծված էին «բաժանիր և տիրիր» քաղաքականությունը իրականացնելու նպատակով։ Ինքնորոշումը միշտ վեր է տարածքային ամբողջականության պահանջից։

Բացահայտվում է նաև Արևմուտքի անգործությունը։ 2018թ. հայերը մերժեցին կոռումպացված համակարգը և անցկացրին արդար ընտրություններ։ Այս փաստը հարցականի տակ է դնում Արևմուտքի՝ իր կողմից իրեն վերագրվող «քաղաքակրթեցնող» դերը, որովհետև հայկական ժողովրդավարությունը որևի մեկի հովանու ներքո չէ, և հետևաբար ոչ մի արևմտյան միջկառավարական կազմակերպություն չի կարող դրանում իր դերակատարության մասին պնդում անել, ոչ էլ Հայաստանը լքել է Եվրասիական տնտեսական միությունը Եվրոպական Միությանը միանալու համար։ Այսպիսով, հայկական ժողովրդավարությունը հարցականի տակ է դնում այն գերիշխող նարատիվը, որ Արևմուտքը ժողովրդավար է, իսկ Արևելքը՝ հակառակը։ Էդվարդ Սայիդի «Օրիենտալիզմը» գիրքը, որտեղ ասվում է, որ Արևմուտքն իրեն բնորոշում է՝ հակադրելով «ուրիշի» հետ, ում ինքը ստեղծում է, այսօր ճշմարիտ է առավել քան երբևէ։ Իշխանության վրա հիմնված կառույցները չեն սիրում այն անոմալիան, որը միջամտում է իրենց պատմածին։ Այսպիսով, միջազգային լրատվամիջոցները, հապճեպ մեկը մյուսից «թխելով», հավասարեցնում են հայկական իրականությունը տիպիկ «էթնիկ հակամարտության» մակարդակի, որը կարելի է հեշտությամբ կասեցնել, որպեսզի անտեսեն ժողովրդավարության և մարդու իրավունքի շուրջ գոյություն ունեցող ավելի լայն իրականությունը։

Բռնապետերի դրդապատճառները պարզ են։ Հայաստանի օրինակը վատ նախադեպ է իրենց համար։ Հնարավո՞ր է, որ ժողովրդավարության առումով իրենց բնակչությունները ներշնչվեին՝ պահանջելու իրենց իրավունքները (Հայաստան 2018թ., Բելառուս 2020թ.)։ Բացի այդ, բռնապետերից յուրաքանչյուրի երկրի տարածքում ապրող էթնիկ փոքրամասնությունները ինքնորոշման պահանջներ ունեն։ Ավելին, բռնապետերը ոչինչ չեն տալիս իրենց սեփական ժողովրդին, ում տնտեսական անվտանգությունը գնալով թուլանում է։ Նրանք միայն ծառայում են իրենց սեփական օլիգարխներին։ Այսպիսով, իրենց բնակչությանը հպատակեցնելու համար Էրդողանն ու Ալիևը ստեղծում են արտաքին թշնամու պատրանք և առաջարկում հաղթանակի ու կայսրության փառքը՝ հին նարատիվ, որը զուգակցվում է ժամանակակից հռետորաբանությամբ։ Միևնույն ժամանակ Պուտինը սպասում է, որ Հայաստանը թուլանա, այնուհետև ինքը սկսի առաջին փուլը, ինչն այնուհետև նման կլինի Ղրիմի բռնակցմանը։

Հայաստանի այսօրվա գոյամարտը հանուն ինքնորոշման և ժողովրդավարության պայքար է՝ ընդդեմ ավտորիտարիզմի, և ինչպես Իսպանիայի քաղաքացիական պատերազմի դեպքում, այն նախանշան է, թե ինչն է հաջորդելու։ Աշխարհում գոյություն ունենալու երկու տարբերակ կա՝ լինել հավասար՝ հիմնվելով իրավունքների վրա, կամ լինել հիերարխիկ՝ հիմնվելով իշխանության վրա։ Պետք է հիշել, որ իրավունքի հեռանկարը թույլ է տալիս խաղաղության գոյությունը, իսկ իշխանության հեռանկարը երաշխավորում է բռնություն։ Այսօր աշխարհը կանգնած է հավաքական ընտրության առջև, և մեզնից յուրաքանչյուրից ակնկալվում է կատարել ընտրություն ու գործել կամ ընդունել հետագա հպատակեցումը։ Բռնատիրությունը, իր բնույթից ելնելով, անպայման ընդարձակվում է։

Վահան Բուրնազյանը՝ ծնված Կալիֆորնիայում, բնակվում է Երևանում, որտեղ նա հետազոտում և դասախոսում է մարդու իրավունքներ)։

***

«Տեսակետ» խորագրում հրապարակված նյութերում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել «Հետքի» տեսակետին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter