ՄԻԵԴ-ը ստացել է Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ կառավարության ներկայացրած պահանջը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ստացել է Հայաստանի կառավարության պահանջը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՄԻԵԴ մամուլի ծառայությունը։
«Այո՛, մենք ստացել ենք Հայաստանի դիմումը Թուրքիայի նկատմամբ միջոց կիրառելու վերաբերյալ։ Ընդունված կանոնների համաձայն՝ ես որևէ իրավունք չունեմ խոսելու այդ դիմումի բովանդակության մասին»,- հայտարարել է ՄԻԵԴ մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Նա նաև չի նշել, թե ինչ ժամկետներում դատարանի կողմից կդիտարկվի այդ դիմումը։ Համաձայն ՄԻԵԴ պրակտիկայի՝ այդպիսի դիմումների քննարկումը տևում է մի քանի օր։
Ավելի վաղ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը հայտարարել էր, որ Երևանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով Թուրքիայի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց, որը պայմանավորված է Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությամբ։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության հայտարարության մեջ նշվում էր. «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի»։
Լուսանկարը՝ Wikimedia Commons-ի
Մեկնաբանել