
«Տղե՛րք, հույս ենք դնում ձեզ վրա». Փաշինյանը կոչ է անում վերջին մեկ տարում զորացրվածներին կամավորագրվել
«Եթե ոտքի չկանգնենք, մենք բոլորս ենթարկվելու ենք ցեղասպանության, և սա ասում եմ պատասխանատու, բայց նաև ասում եմ, որ այսօր Հայաստանի քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ»:
Այս մասին իր մարտակոչի ժամանակ ասաց վարչապետ, երկրի գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը:
«Իրավիճակը վերլուծելով եկել եմ այն եզրակացության, որ մեր ամենամարտունակ հատվածը վերջին մեկ տարում զորացրված տղաներն են, և ես ուզում եմ կոչով դիմել վերջին մեկ տարում զորացրվածներին` խնդրելով այս պահից սկսած ներկայանալ կենտրոնական զինվորական հավաքակայան և զինվորագրվեն հայոց բանակին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ զորացրվածներն ըստ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի` զորահավաքային զորակոչի ենթակա չեն, ուստի դա է պատճառը, որ խնդրում է վերջիններս կամավորագրվեն:
Փաշինյանը կոչ արեց վերջիններին կամավորագրվելուց տանել նաև զինվորական համազգեստներ, եթե դրանք պահպանվել են:
«Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց ու անկեղծ ասել, որ իրենց չեն հրավիրում ուղղակի մարտական հերթապահություն անցկացնելու, հրավիրում են կենաց-մահու կռիվ տալու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կոչ արեց նաև այն քաղաքացիներին, ովքեր ունեն սաղավարտներ, տաք զրահաբաճկոններ ուղարկել Կենտրոնական հավաքակայան:
Փաշինյանն ընդգծեց` սա նոր Սարդարապատ է, և պետք է կողք կողքի կանգնելով՝ կոտրենք հակառակորդի ողնաշարը: Փաշինյանը նաև հայտնեց, որ նման տաս հազար զինծառայող կա, որոնք վերջին մեկ տարում զորացրվել են, և եթե կեսն էլ զորակոչվեն, այն կլինի բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը:
«Խոսքը հենց կենաց-մահու կռվի մասին է, և ես հավատում եմ, որ կկարողանանք մեր հաղթանակն ապահովել, տղերք, հույս ենք դնում ձեզ վրա»,- եզրափակեց նա:
Մեկնաբանել