
Միայն Արցախի հարավում Ադրբեջանն այսօր ավելի քան 200 զոհ է ունեցել
Հոկտեմբերի 5-ի առավոտյան Ադրբեջանը մասսայական հրթիռակոծություն է սկսել Արցախի բնակավայրերի ուղղությամբ, Պաշտպանության բանակը արձագանքել է այդ գործողություններին` թիրախավորելով միայն ռազմական օբյեկտները: Հոկտեմբերի 5-ի երեկոյան հրավիրված ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` առավոտյան Արցախի հարավային ուղղությամբ հակառակորդը նորից ձեռնարկել է հարձակման փորձ` կիրառելով մեծաթիվ զրահատեխնիկա:
«Բայց մեր զորքերը մարտավարական հնարամիտ, գրագետ խուսավարումներով հակառակորդին կարողացել են մեծ կորուստներ պատճառել և հետ շպրտել»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ հակառակորդը 200 և ավելի զոհ է ունեցել միայն հարավային ուղղությամբ մարտերում:
Ադրբեջանի այսօրվա ընդհանուր զոհերի տվյալները դեռևս ամփոփված չէին: Հովհաննիսյանը նշեց, որ վաղը կներկայացնի երկու օրվա տվյալները:
Հարցին, թե ինչ մանրամասներ կհայտնի վարչապետ Փաշինյանի այսօրվա մարտակոչի վերաբերյալ, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց, որ այն հստակ ուղերձ ուներ, և մանրամասներ պետք չէ ներկայացնել:
«Լիարժեք զորահավաք ենք հայտարարել, և շատ բնական պրոցես է` նման բարդ ու ծանր մարտական գործողությունների պայմաներում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դիմել էր վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածներին` կոչ անելով կամավորագրվել: Վերջիններս զորահավաքային զորակոչի, ըստ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի, ենթակա չեն, և դա է պատճառը, որ Փաշինյանը պարզապես կոչով է դիմել նրանց:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե այսօրվա մարտական գործողությունների ընթացքում ինչ թիրախ է ոչնչացվել, Հովհաննիսյանն ասաց` միշտ չէ, որ թիրախների անունները հայտնում են, սակայն այնպես չէ, որ դրանք չեն իրականացվում:
Մեկնաբանել