HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ՄԻՊ․ «Արգելված զինամթերքի վերաբերյալ ապացույցներն ուղարկվելու են միջազգային կառույցներին»

Միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Հայաստանում և Արցախում խաղաղ բնակիչներին թիրախավորելու հարցին։

Արման Թաթոյանի խոսքով՝ փաստահավաք գործողությունների ընթացքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզում օգտագործված  անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) թիրախավորել են հենց քաղաքացիական բնակչությանը։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱԹՍ-ներով հարձակումները Հայաստանի դեպքում, օրինակ` իրականացվում են այն վայրերում, որտեղ կան կուտակումներ կամ մարդաշատ են․ մեքենաներ, ավտոբուս, մի քանի տներ։ Հարձակումներով նպատակ է հետապնդվում քաղաքացիական բնակչությանը պատճառել այնքան մեծ վնաս, որքան հնարավոր է»,- ասաց Թաթոյանը։

Անդրադառնալով արգելված զինատեսակների օգտագործմանը՝ ՄԻՊ-ը նշեց, որ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ից մինչև հիմա օգտագործվում են LAR-160 և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ կասետային հրիթռներով, որոնց կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված է։

Պաշտպանը պնդում է՝ արգելված զինամթերքի վերաբերյալ ապացույցներն ուղարկվելու են միջազգային կառույցներին։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վարձկաններ օգտագործելուն՝ Թաթոյանն ասաց, որ ՄԱԿ-ի բանաձևերով դրանք կատարած անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ բանաձևով նշված է, որ վարձկանների օգտագործումն արգելվում է, երբ օգտագործվում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու համար և համարվում են սպառնալիք մարդու իրավունքներին, խաղաղությանը։

Արման Թաթոյանի խոսքով՝ ագրեսիվ կերպով տարածվում են ատելության խոսքեր էթնիկ հայերի նկատմամբ, որտեղ նշվում են սպանության, բռնության կոչեր։ Ըստ ՄԻՊ-ի՝ առաջ բերված բաղադրիչները պետք է դիտել ընդհանուր շղթայով, քանի որ խոսք է գնում էթնիկ հիմքով զտումներ իրականացնելու մասին։

Միջազգային կազմակերպությունների դերը մեծ է, և նրանք պետք է կոնկրետ գործողություններ կատարեն, քանի որ ելույթներով, կոչերով հնարավոր չէ այլևս որևէ բան կանխել, իսկ շարունակվող իրավիճակը կբերի հումանիտար աղետի, ընդգծում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter