
Կանադան արգելք է դրել ռազմական նշանակության տեխնոլոգիաները Թուրքիա արտահանելու վրա
Կանադան արգելք է դրել ռազմական նշանակության տեխնոլոգիաները Թուրքիա արտահանելու վրա։ Այդ մասին տեղեկանում ենք Կանադայի կառավարության պաշտոնական կայքում արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանի հայտարարությունից։
«Վերջին մի քանի օրերին որոշակի հայտարարություններ են արվել Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում կանադական տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։ Լսելով այդ պնդումների մասին՝ ես անմիջապես հանձնարարեցի Global Affairs Canada-ին հետաքննելու այդ պնդումները։
Համաձայն Կանադայից արտահանման վերահսկողության խիստ ռեժիմի և շարունակվող ռազմական գործողությունների պատճառով՝ ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները, որպեսզի ժամանակ տրամադրեմ իրավիճակի հետագա գնահատման համար։
Կանադան շարունակում է մտահոգված լինել Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությամբ, որը հանգեցնում է բնակավայրերի հրետակոծման և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։ Մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ և վերահաստատում, որ բանակցությունների միջոցով այդ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ, Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտարարել էր, որ պատրաստ է դադարեցնել ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային ռազմական արտադրանքի արտահանման թույլտվությունների տրամադրումը, եթե հետաքննությունը հաստատի, որ կանադական տեխնոլոգիաները հանգեցնում են Մարդու իրավունքների խախտումների:
Լուսանկարը՝ LA PRESSE CANADIENNE / SEAN KILPATRICK
Մեկնաբանել