HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կգործարկվի թեժ գիծ՝ վիրավոր զինծառայողի գտնվելու վայրն ու առողջական վիճակը պարզելու համար

Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է լինի միայն խաղաղ բանակցությունների միջոցով։ Ռազմական ճանապարհով լուծման փորձը իր մեջ պարունակում է տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը խարխլելու մեծ պոտենցիալ։

Քիչ առաջ կայացած ասուլիսին այսպիսի դիրքորոշում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ես վստահ եմ, որ տարածաշրջանային աշխարհաքաղաքական կենտրոնները, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը, Մինսկի համանախագահող երկրներ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները մեզնից քիչ չէ, որ շահագրգռված են այստեղ կայուն իրավիճակ ունենալու մեջ, և անում են ամեն ինչ, որպեսզի այդ իրավիճակը ստանան»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանն անթույլատրելի համարեց քաղաքացիական օբյեկտներին նման վնասներ հասցնելը։ Արցախ իր այցերի ժամանակ անձամբ է տեսել՝ հրետակոծությունից վնասված բնակելի շենքերն ու ենթակառուցվածքային շինությունները։

Առողջապահության նախարարը կարևորեց քաղաքացիական բնակչության համար ծառայությունների անխափան գործարկումը, որը գրեթե անհնար է դառնում ռմբակծությունների հետևանքով։

Այսօր կամ վաղը կգործարկվի թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել վիրավոր զինծառայողի գտնվելու վայրն ու առողջական վիճակը։ Արսեն Թորոսյանը նշեց՝ տեղյակ են, որ հաճախ բարեկամները բժշկական հաստատություններում փնտրում են իրենց վիրավոր զինծառայողներին։

«Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, ագրեսիայի ենթարկված բոլոր քաղաքացիներին Հայաստանի կառավարությունը տրամադրում է հնարավոր ամենամեծ առողջապահական փաթեթը։ Դրա համար կառավարության հատուկ որոշում է ընդունվել մի քանի օր առաջ»,- նշեց առողջապահության նախարարը։

Արսեն Թորոսյանի փոխանցմամբ՝ անհապաղ լուծման կարիք ունեցող բժշկական սարքավորումների կարիք չկա, քանի որ բժշկական հաստատություններում օգտագործվող սարքավորումներն ըստ անհրաժեշտության տեղափոխվում են։ Սակայն հաշվի առնելով գործողությունների տևողությունը, և որ սարքերը երբեմն խափանումներ են ունենում՝  հնարավոր է նման ահրաժշետություն առաջանա, որքան էլ հրատապ գնումներ են կատարվել։ Եթե կլինեն անհատներ և կազմակերպություններ, որոնք կցանկանան Առողջապահության նախարարությանը օգնել բժշկական սարքավորումներով և դեղորայքով, նախարար Արսեն Թորոսյանը կոչ արեց՝ կապվել նախարարության հետ, որպեսզի ձեռքբերումները լինեն նպատակային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter