
Մարուքյանի համոզմամբ` այս պահին Արցախի անկախությունը ճանաչելու ժամանակը չէ
«Հայաստանի դիվանագիտական զինանոցում կա Արցախի անկախությունը ճանաչելու զենքը, բայց կարծում եմ դեռևս տեղ ունենք դա չանելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Դիտարկմանը, որ ռազմական դրությունը հայտարարելու հատուկ նիստին ինքն էր բարձրաձայնում Արցախի անկախությունը ճանաչելու հարցը, Մարուքյանն արձագանքեց` հարց էր բարձրացնում, թե միգուցե հիմա Արցախի անկախությունը ճանաչելու ժամանակն է:
«Վերջին հաշվով՝ կարևոր է, որ այդ ուղերձը հասնի թշնամի երկրին, որ Հայաստանում նման քննարկումներ կան, բայց թե երբ է դրա ժամանակը, ես կարծում եմ` հիմա չէ: Դա պետք է լինի վերջին կրակոցը, եթե դա անենք, նշանակում է որևէ մեկի հետ որևէ բան չունենք խոսելու»,- ասաց նա:
Մարուքյանն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի համանախագահության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի ցանկությանը` այն համարեց անընդունելի: Մարուքյանն ընդգծեց` Թուրքիան այս հակամարտության հարցում շահագրգիռ կողմ է, հետևաբար չի կարող համանախագահ լինել:
«Մի կարևոր հանգամանք էլ կա, եթե դիտարկենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք նախագահների հայտարարությունները, չենք գտնի վերջին տարիներին արված շատ հայտարարություններ, որտեղ նախագահներ Պուտինը, Մակրոնը և Թրամփը միասին ստորագրած լինեն: Այս հարցն այնքան է կարևորվում, որ երեք նախագահներն էլ ստորագրում են միասին»,- ասաց Մարուքյանը` համոզմունք հայտնելով, որ նախագահությունը պետք է լինի այն կազմով, որով կա:
Մարուքյանը շատ կարևորեց նաև խորհրդարանական պատվիրակության այցը առաջնագիծ թե՛ իրավիճակին տիրապետելու, թե՛ միջազգային գործընկերներին օպերատիվ տեղեկատվություն փոխանցելու համար:
«ԵԽԽՎ երեկվա մոնիթորինգի նիստին կապ եմ հաստատել բունկերից, և դա, կարծում եմ, մեծ ազդեցություն է թողել մեր գործընկերների վրա»,- ասաց Մարուքյանը:
Մեկնաբանել