
Ռուբինյանը վստահ է` Ռուսաստանը կստանձնի տարածաշրջանում խաղաղություն ապահովելու իր կարևոր դերը
Այս պատերազմի երկրորդ-երրորդ օրերից սկսած՝ միջազգային խաղացողների և միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում որոշակի ընկալման փոփոխություն եղավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Պատգամավորի համոզմամբ` աշխարհն ընդունեց այն փաստը, որ Թուրքիան ներգրավված է պատերազմում, և տեռորիստներ են օգտագործվում հայության դեմ: Ռուբինյանն այս ամենը դիվանագիտական առումով դրական քայլ համարեց` ընդգծելով, որ դա մեծ հնարավորությունների տեղ է բացում:
«Բայց ուզում եմ շեշտել, որ, անկախ դիվանագիտական հաջողություններից՝ ամենակարևորը ռազմաճակատում ու թիկունքում պինդ կանգնելն է, մեր դիվանագիտությունը կարող է հաջողել միայն այն դեպքում, երբ մեր ժողովուրդը և մեր զինված ուժերը պինդ կանգնեն»,- ասաց նա:
Ռուբեն Ռուբինյանը միջազգային գործընկերներից ակնկալում է կոշտ հանդիմանություն Թուրքիայի և Ադրբեջանի հասցեին` ընդգծելով, որ Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերը և իրեն դրսևորում է որպես տեռորիստ պետություն:
Իսկ այն հարցին, թե ինչ պետք է անեն դաշնակից պետությունները, Ռուբինյանն արձագանքեց. «Ես վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և, բնականաբար, առաջին հերթին Ռուսաստանը, կկատարի իր կարևոր դերը` տարածաշրջանում խաղաղություն ապահովելու»:
Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն չորրորդ հեռախոսազրույցն է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ի՞նչ է ակնկալում այս պահին ՌԴ-ից, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Մենք վստահ ենք, որ մեր բարեկամները և առաջին հերթին՝ Ռուսաստանն իրենց կայունացնող դերը այս տարաշրջանում կկատարեն»:
Ռուբինյանը նաև ընդգծեց` Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը զինված ուժերն է:
Մեկնաբանել