HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է պետական ծառայողների սոցիալական փաթեթների գումարներն ուղղել պետական հիմնադրամի

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ` առաջարկելով սոցիալական փաթեթի շրջանակներում ուղղվող գումարները հայեցողությամբ փոխանցել պետական հիմնադրամի:

Նշվում է, որ սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող գումարները պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հայեցողությամբ կարող են փոխանցվել նաև այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ ընդունման անհրաժեշտությունն առաջացել այն պատճառով, որ պայմանավորված ռազմական դրությամբ՝ մի շարք պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք ցանկանում են մասնակցել ռազմական դրության արդյունքում պետության կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին: Սակայն գործող օրենքի համաձայն` սոցիալական փաթեթի ուղղությունները սահմանված են օրենքով և դրանից բացի՝ այլ ուղղություններով նշված գումարները չեն կարող օգտագործվել:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նպատակահարմար է համարվում օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով հնարավորություն ընձեռել սոցիալական փաթեթի գումարներն ուղղել նաև այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը: Ընդ որում, հետագա հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով, սահմանվում է նաև, որ այն հիմնադրամը, որին կթույլատրվի վճարում կատարել պետք է սահմանված լինի ՀՀ կառավարության որոշմամբ»,- ասված է որոշման մեջ:

Նախագիծը շրջանառության մեջ է դրվել այսօր` հոկտեմբերի 6-ին:

Հիշեցնենք, որ նախագիծը ԱԺ նիստերի օրակարգում հայտնվելու համար պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter