Ով և ում դեմ. Հովիկ Աբրահամյանի եղբայրը կպայքարի իր զարմուհու դեմ
Այսօր խորհրդարանական ընտրություններին թեկնածության առաջադրման վերջին օրն էր: Մի շարք ընտրատարածքներում թեկնածուները առաջադրման վերջին դիմումներ են ներկայացրել:
Թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել են 4 թեկնածուներ. Լրագրող Գայանե Առուստամյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, անկուսակցական Արսեն Մանուկյանը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Թիվ 7 ընտրատարածքում այսօր առաջադրվել են «Ժառանգություն» կուսակցության նախագահ, պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նրանց հիմնական մրցակիցը գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:
Թիվ 9 ընտրատարածքում առաջադրվել է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ՀԱԿ-ի անդամ Լեւոն Զուրաբյանը:
Թիվ 11 ընտրատարածքում առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել ՕԵԿ-ի փոխնախագահ, պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
Թիվ 12-ում ընտրատարապայքարի են դուրս եկել 6 թեկնածու: Այսօր առաջադրվել է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանը: Նույն ընտրատարածքում են առաջադրվել նաեւ պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Լյովա Խաչատրյանը, ինչպես նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը: Ընտրողների ձայները հիմնականում նրանց միջեւ է բաժանվելու:
Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում է առաջադրվել Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը: Նա պայքարելու է իր զարմուհու՝ Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանի դեմ: Թեեւ երկուսն էլ հանրապետական են, սակայն ՀՀԿ-ն սատարում է Կարինե Պողոսյանին:
Արմավիրի թիվ 19 ընտրատարածքում մեծ դժվարությամբ առաջադրվել է Թոռնիկ Գեւորգյանը: Առաջադրման ժամկետն արդեն լրանում էր, իսկ Թոռնիկ Գեւորգյանն այդպես էլ Էջմիածնում չէր կարողանում գտնել երկու նոտարներից մեկին, որ կարողանար փաստաթղթերը վավերացնել: Նա ընտրատարածքային հանձնաժողով փաստաթղթերը ներկայացրել է վերջին րոպեին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել