
Ֆիզիկական անձանց անհուսալի ճանաչված վարկերի տույժ-տուգանքները կարող են ներվել
Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանում այսօր հրավիրվել է արտահերթ նիստ` Հարկային օրենսգրքում, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու առաջարկով:
Նախագծերի փաթեթի հիմնական զեկուցող, Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով` Հարկային օրենսգրքի փոփոխությունների նպատակը բանկերի և վարկային կազմակերպությունների համար այնպիսի նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումն է, որը հնարավորություն կընձեռի 2020-ի օգոստոսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված, չսպասարկված ֆիզիկական անձանց վարկերի գծով հաշվարկված տույժ-տուգանքները ներելու:
«Նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է ստեղծված իրավիճակով, երբ շատ վարկառուներ, կորցնելով կայուն եկամտի աղբյուրը, խնդիր ունեն իրենց ներգրաված վարկերի սպասարկման հետ կապված»,-ասաց փոխնախարարը:
Ֆինանսների նախարարության գնահատմամբ` ընդհանուր առմամբ 13,5 միլիարդ դրամի տույժ-տուգանք է հաշվեգրվել, որոնք պոտենցիալ առումով կարող են ներվել և վերաբերում են շուրջ 230 հազար վարկային պայմանագրերի, որոնք արդեն անհուսալի են ճանաչվել:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում նշեց, որ ըստ օրենսդրական առաջարկի` բանկն ընդառաջ է գնալու այն վարկառուներին, որոնք ժամկետանց պարտքեր և տույժ-տուգանք ունեն, և եթե ինչ-որ հանգամանքների պատճառով բանկը ներում է այդ տուգանքները, միևնույն է, բանկի համար դա համարվում է եկամուտ, որի համար վերջինս շահութահարկ է վճարում:
«Սա հնարավորություն է տալու, որպեսզի բանկերն այդ հարկը չվճարեն` դժվար իրավիճակում հայտնված մեր քաղաքացիներին օգնելու նպատակով: Եթե բանկերը նման քայլի են գնում, պետությունն էլ իր հերթին է քայլ անում` հարկերից ազատում վերջիններիս: Վերջնական որոշումը թողնվելու է բանկերին, թե ում տույժ-տուգանքները, վարկերը ներել, բայց պետությունն այդ հնարավորությունը տալիս է, որ բանկն ավելի ազատ լինի իր որոշումների մեջ»,-եզրափակեց Թունյանը` կոչ անելով կողմ քվեարկել նախագծին: Քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին:
19:20 Լրացում. Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 98 կողմ ձայնով:
Մեկնաբանել