
ԱԺ-ն քննարկեց պետական ծառայողների սոցիալական փաթեթի միջոցները հիմնադրամներին փոխանցելու նախագիծը
Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Այն ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
Օրենսդրական նախաձեռնությամբ հնարավորություն է տրվելու պետական ծառայողներին հատկացվող սոցիալական փաթեթի գումարներն ըստ հայեցողության փոխանցել պետական հիմնադրամների, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը:
Փոխնախարարի խոսքով` այս պահին երկու հիմնադրամի կարող են փոխանցվել այդ գումարները` «Զինծառայողների ապահովագրության» և «Հայաստան» համահայկական հիմնադրամների:
ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ողջունեց այս նախաձեռնությունը` նշելով, թե շատ մանկավարժներ են իրեն դիմել այս հարցով, որ ցանկանում են սոցիալական փաթեթի միջոցներն ուղղել բանակին, սակայն նման օրենսդրական կարգավորում չկա: Պատգամավորը նաև կոչ արեց Կառավարությանը հնարավորություն ընձեռել Կուտակային կենսաթոշակային համակարգի միջոցներն ըստ հայեցողության ուղղել բանակին: Նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունվեց:
19:20 Լրացում. Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 99 կողմ ձայնով:
Մեկնաբանել