HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Տղե՛րք, թիկունքը ձեզ հետ է»․ Արսենը տանը գլխարկներ է ձևում զինծառայողների համար

«Տղերքը պետք է իմանան, որ թիկունքը իրենց կողքին է, բիզնեսը, մարդիկ աշխատում են իրենց ապահովության համար»,-ասում է մասնագիտությամբ հաշվապահ Արսեն Դավթյանը։ Նա արդեն մի քանի օր է՝ տանը ձմեռային գլխարկներ է արտադրում զինծառայողներին ուղարկելու համար։ 

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը համախմբեց շատերին՝ ռազմաճակատին աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Այս օրերին շատ ընկերություններ ըստ կարիքի վերապրոֆիլավորվում են, անհատներ և կազմակերպություններ առաջնագծին, Արցախին օգնելու համար սկսում նոր ապրանքներ արտադրել՝ անգամ տնային պայմաններում։

Արսենն էլ, լսելով, որ Արցախում կռվող զինծառայողներին տաք հագուստ է անհրաժեշտ, որոշել է նրանց համար գլխարկներ կարել։ Երկսենյականոց բնակարանը վերածվել է կարի արտադրամասի։ Տան տարբեր անկյուններում կապերով կտորներ են, սեղաններ և մկրատներ։ Գլխարկները ձևում են Արսենի մայրը, մորաքույրն ու քեռակինը, այնուհետ արտադրամաս ուղարկում՝ կարելու։ Երեքն էլ տեղական հագուստի արտադրության մեջ են զբաղված։

«Ընկերս զանգեց, ասաց՝ ձերոնք առևտրի մեջ են, կարո՞ղ է տեղ իմանաս, որտեղից մեծածավալ քանակով գլխարկներ կկարողանանք առնել։ Որոշեցի իմ անձնական միջոցներով հումքը ձեռք բերել, կարել, որովհետև շուկայում առկա են թուրքական արտադրության ու մոտ եռակի թանկ գնով գլխարկներ»,-պատմում է Արսենը։

Առաջին խմբաքանակն արտադրվել է կիրակի օրը՝ մի քանի ժամվա ընթացքում։ Այդ օրն ընտանիքը 1200 գլխարկ է ձևել, ուղարկել կարողներին։ Կարողներն էլ  առաջին խմբաքանակի համար գումար չեն վերցրել։ 

Մայրաքաղաքից Արցախ օգնություն տանող տասնյակ խմբերի հետ գլխարկներն ուղարկել են առաջնագիծ։

Այսօր արդեն գլխարկների երկրորդ խմբաքանակն են կարում։ Նպատակ ունեն մինչ օրվա ավարտ 6000-7000 գլխարկ կարել։ Հումքի ձեռքբերմանը և արտադրությանը ֆինանսապես օգնել են «Մանթաշով գործարարների միության» անդամները։  

 Արսենն ասում է՝ այս պահին մարդը չպետք է դադարի աշխատել, բիզնեսը չպետք է կանգնի, քանի որ տնտեսությունը, հարկերը, մարդկանց աշխատավարձերը բիզնեսի անդադար աշխատանքից են կախված։

«Ամեն անգամ պատմությունից մի դաս ենք ստանում և ոչ մի քայլ չենք անում, որ տնտեսությունը զարգանա, բիզնեսին ուշադրություն դարձնենք։ Հիմա մեծ հույս ունեմ, որ սա ամենավերջին խիստ դասն էր, և այս ամենի ավարտից հետո մեր ամեն փոքր ձեռնարկատիրություն, խոշոր արտադրողներ պետք է թև ու թիկունք լինեն, մեր տնտեսությունը զարգացնենք»,-զրույցն ավարտում է Արսեն Դավթյանը։

Տեսանյութն ու լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter