
Խորհրդարանը քննարկեց 2020 թվականի ընթացիկ ծախսերն ավելացնելու նախագիծը
Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` ռազմական դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ Կառավարությունը ներկայացնում է ընթացիկ տարվա բյուջեի փոփոխության նախագիծ:
«Այս նախագիծը նաև տարբերվում է իր հիմքում ընկած կանխատեսումներով: Այդ տրամաբանությամբ` 2021 թվականի բյուջեի նախագիծը քննարկելիս անհրաժեշտություն կունենանք անդրադառնալ 2020-ին սպասվող զարգացումներին»,- ասաց նախարարը:
Ըստ նախագծի` 2020-ին սպասվում է 6.8 % տնտեսական անկում` ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2 % անկման փոխարեն: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ` ապրիլին բյուջեի հիմքում ընկած 6485 մլրդ դրամի փոխարեն: Ըստ Ֆինանսների նախարարության հաշվարկների` սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով:
Ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով:
Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի խոսքով` ծախսերն ավելացվելու են, դեֆիցիտը մեծանալու է, Կառավարության պարտքը կարող է հասնել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 67 %-ը:
«Շատերը հարցնում են, թե սրանք ինչ թվեր են, և ինչ հետևանքներ կարող են ունենալ: Պետք է նշել, որ այս պահին Հայաստանի համար մեկ առաջնահերթ խնդիր կա` Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը: Հետևաբար ներկայացնելով այս նախագիծը` Կառավարությունը հայցում է խորհրդարանի թույլտվությունը` կատարելու անհրաժեշտ վերաբաշխումներ, ավելացնելու ծախսերը և ներգրավելու լրացուցիչ գումարներ, եթե կարիքը լինի»,- ասաց Խաչատրյանը` կոչ անելով կողմ քվեարկել նախագծին: Նախագծի քննարկումներն ավարտվեցին:
Մեկնաբանել