
Հայաստանը կդիմի ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից միջանկյալ միջոցը չկատարելու հարցով Նախարարների Կոմիտե դիմելու խնդրանքով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ սեպտեմբերի 29-ին միջանկյալ միջոց կիրառելու որոշումից հետո ամենօրյա ռեժիմով դատարան են ներկայացվել ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված թե՛ կոնվենցիոն, թե՛ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների մասին: Վերջին թարմացումը երեկ է ուղարկվել, ամենայն հավանականությամբ՝ այսօր ևս թարմացում կլինի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու որոշումը կայացրել էր Հայաստանի Հանրապետության ներկայացրած դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ Ադրբեջանին և Հայաստանի Հանրապետությանը կոչ անելով իրենց գործողություններում պահպանել Կոնվենցիայով նախատեսված պահանջներն ու չթիրախավորել քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը:
«Այն, ինչ մենք տեսնում ենք՝ Ստեփանակերտում քաղաքացիական բնակավայրերի անդադար և անընտրանքային ռմբակոծումը, որևէ աղերս չունի կիրառելի իրավական չափանիշների հետ»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Հայաստանը ՄԻԵԴ դիմել էր՝ Թուրքիայի նկատմամբ ևս միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով:
Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ այդ խնդրանքով դիմել էին դատարան՝ հաշվի առնելով այս գործընթացներում միջազգային մամուլում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ տվյալները, ինչպես նաև տարբեր պետությունների ղեկավարների և արտաքին գործերի նախարարությունների կողմից արված հստակ հայտարարությունները, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի կողմից Սիրիայի, Լիբիայի տարածքներից վարձկաններ, ահաբեկչական խմբավորման անդամներ են տեղափոխվում Ղարաբաղ՝ ռազմական գործողությունների մասնակցելու: Ներկայացվել են Թուրքիայի մասնակցության վերաբերյալ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ապացույցներ:
Կիրակոսյանը նշեց, որ Թուրքայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը ՄԻԵԴ ուղարկելուց հետո եղել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը, որը նույնպես իրենք ներկայացրել են դատարան, դրան էլ հաջորդել է որոշումը՝ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:
«Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում բոլոր՝ ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»,- ասված է ՄԻԵԴ որոշման մեջ:
Ըստ Եղիշե Կիրակոսյանի՝ պարզ է, որ որոշումը կրկին ՀՀ-ի ներկայացրած դիմումի և դրան կից ապացույցների հիման վրա է կայացվել, առանց կողմին դիմելու: Ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ-ի ներկայացուցչի՝ ՄԻԵԴ որոշման կոնտեքստից պարզ է, որ որոշումը հենց Թուրքիային է վերաբերում:
«Մեր ներկայացրած ապացույցների հիման վրա դատարանը փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը՝ անկախ ձևակերպումներից, որ փորձել է տալ որոշման մեջ»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Վերջինս նշեց, որ Հայաստանը ՄԻԵԴ որոշումների կատարման ուղղությամբ արվող քայլերին ևս հետևողական է:
Նա հավելեց, որ մինչև այս պահը Ադրբեջանը որևէ թարմացում չի ներկայացրել դատարան, թե ինչ քայլեր է ձեռնարկվել ՄԻԵԴ-ի՝ միջանկյալ միջոց կիրառելու որոշումից հետո և հայտնեց, որ պատրաստվում են դիմել ՄԻԵԴ՝ խնդրանքով, որ հարցը քննարկվի Նախարարների Կոմիտեում: Նույն քայլերը պետք է արվեն նաև Թուրքիայի վերաբերյալ որոշման ուղղությամբ:
Մեկնաբանել