Ղրղզստանը ներքաղաքական խնդիրների պատճառով չի մասնակցի Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Ղրղզստանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցի Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որը մեկնարկելու է հոկտեմբերի 9-ին։ Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել են Ղրղզստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։
«Հանրապետությունում առկա հասարակական-քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ մեր ներկայացուցիչները Երևանում չեն կարողանա մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին»,- նշել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Նրա խոսքերով՝ կառավարության նախկին կազմը շարունակում է մնալ լեգիտիմ, չնայած այն, որ երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 6-ին, Ղրղզստանի խորհրդարանն ընդունել էր վարչապետ Կուբաթբեկ Բորոնովի հրաժարականը՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով Սադիր Ժապարովին։
«Կառավարությունը լեգիտիմ է այնքանով, որ նախագահը չի ստորագրել կառավարության հրաժարականի մասին հրամանը»,- մեկնաբանել է TACC-ի զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Ղրղզստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո նվազագույն շեմը չհաղթահարած կուսակցությունների ներկայացուցիչները Բիշքեկում զանգվածային ցույցեր են կազմակերպել։ Վեց ժամ շարունակ Ղրղզստանի մայրաքաղաքում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի են ունեցել բախումներ, որի արդյունքում վերջիններս գրավել են խորհրդարանի, կառավարության, նախագահի աշխատակազմի, գլխավոր դատախազության և Բիշքեկի քաղաքապետարանի շենքերը։ Ցուցարարները մեկուսարանից հանել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին, նախկին վարչապետ Սապար Իսակովին, Ֆարիդա Նիյազովային և մի շարք այլ քաղաքական գործիչների։ Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության տվյալներով՝ Սորոնբայ Ժեենբեկովը շարունակում է գտնվել Բիշքեկում։
Լուսանկարը՝ TACC գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել