
Զարուհի Բաթոյան. «Մեր քաղաքացիներին հիմնականում տեղավորել ենք մասնավոր սեկտորից տրամադրված կացարաններում»
Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների փոխադրման խնդիրները լուծվում են տարբեր կամավորական խմբերի և նախարարության համակարգման միջոցով: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարի խոսքով` իր գլխավորած գերատեսչությունում ձևավորվել է սոցիալական աջակցության շտաբ:
«Մեր քաղաքացիներին հիմնականում տեղավորել ենք մասնավոր սեկտորից տրամադրված կացարաններում` հյուրանոցներ, հյուրատներ: Սննդի հարցը ևս լուծվում է քաղաքացիների աջակցությամբ` մարզպետարանների հետ համագործակցությամբ: Պետական կառույցների կողմից տրամադրվող կացարանները դեռևս աբողջությամբ գործի չենք դրել, դրանց մեծ մասը ազատ է, և մենք այս պահին անընդհատ զարգացնում ենք»,-ասաց նախարարը:
Զարուհի Բաթոյանի խոսքով` նախարարությունը համակարգում է քաղաքացիների կարիքները, այս պահին շատ լուրջ խնդիրներ չկան:
Նախարարը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր աջակցում են նախարարությանը, սակայն խնդրեց այդ աշխատանքները համակարգել, որպեսզի ռեսուրսները հասցեական ուղղվեն: Բաթոյանն ընդգծեց` պետական կացարանների մեծ մասը պատրաստ է, որոշակի խնդիրներ կան, որոնք լուծվում են, սակայն այս պահին այդ կացարաններում քաղաքացիներին տեղավորելու անհրաժեշտություն չկա:
Մեկնաբանել