
Ինչի՞ վրա է ծախսվել 250 մլն դրամը
Ձորագետ-Աթան 33 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգմանը Լոռու մարզի Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղերի բնակիչները երկար են սպասել: Սակայն նրանց սպասումներն այսօր արդեն վերածվել են հիասթափության:
Մոտկորի 6 գյուղերի զարգացման համար ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհի վերակառուցման նպատակով 2011թ. պետբյուջեից հատկացված 250 մլն դրամը, փաստորեն, նպատակին չի ծառայել. ճանապարհը շարունակում է մնալ սողանքային և անանցանելի:
Թումանյանի ճանապարհաշինարարության տեղամասի պետ Սամվել Տիտանյանից տեղեկացանք, որ ճանապարհի վերանորոգման պատվիրատուն տրանսպորտի և կապի նախարարությունն է:
Ձորագետ-Աթան ճանապարհի վերանորոգման աշխատանքները սկսվել է 2011թ. հունիսին: Այն իրականացրել է Վանաձորում գրանցված «Ուկրշին» ԲԲԸ-ն: Դեռ 2011թ. հուլիսի 3-ին «Ուկրշինի» ենթակապալառու «Վլհագ» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Քենցյանը «Հետքին» հայտնել էր, որ ճանապարհի վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ: Ըստ ճանապարհի վերանորոգման պատասխանատու շինարարի՝ մինչ վերանորոգման աշխատանքների սկսելը «Ուկրշինը» և «Վլհագը» կատարել են աշխատանքի բաժանում: «Ուկրշինը» պետք է կատարեր «գաբիոնային» աշխատանքները, իսկ փլվածքների վերացման և ճանապարհի երեսապատման աշխատանքները կատարելու էր «Վլհագ» ՍՊԸ-ն:
«Ձորագետ-Աթան հատվածում կառուցվելու էր գրունտային ճանապարհ. «վեսմայլերով» աղացվելու է ճանապարհի հին ասֆալտը, որից հետո այն 25-30 սմ սփռվելու է ճանապարյի վրա: Դրանից հետո «գրեյդերով» կատարվելու է համահարթեցում»,- ասել էր Հ. Քենցյանը: Թե «Վլհագի» տնօրենի ներկայացրած պարտավորություններից ով ինչ է կատարել, այսօր Ձորագետ-Աթան ճանապարհահատվածում չի երևում: «Գրեյդերով» հարթեցված լինելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև ճանապարհի վրա ասֆալտի փոխարեն սփռված հողը ձյան հալվելուն պես դարձել է ցեխակույտ, որն էլ ճանապարհը դարձրել է գրեթե անանցանելի: Լայնահուն փոսերի պատճառով ճանապարհի առանձին հատվածներով անցնելիս թվում է, թե ավտոմեքենան ընթանում է աստիճանների վրայով: Փոսերի անձրևաջրերը ստիպում են ավտոմեքենաներին կասեցնել ընթացքը:
«Հետքի» հետ զրույցում ճանապարհի վիճակից դժգոհում են նաև Լորուտի գյուղամիջում հավաքված գյուղացիները. «Հիմա գարնանը հենց որ անձրևները սկսվեցին, էդ ճանապարհով երթևեկելը կդառնա անհնարին: Բերել են ոնց որ գլխառադ արել: Ո՞ւմ ասենք՝ խի ես տհե գլխառադ արել, մեզնից ներդրո՞ւմ ենք արել, որ ասենք՝ մեր փողը կերել ես, կամ ինչ ես արել: Ինչ արին, անորակ կատարեցին, էլի: Լսեցինք, ասին՝ ճանապարհը չեն էլ ընդունել»,- ասում է լորուտեցի Վոլոդյա Զարինյանը:
«Բերին հող լցրին, հող լցնելով ճամփա՞ են սարքում: Գոնե մի տարի առաջ ճանապարհի հիմքը խայիմ էր, բայց հմի բերել են հողը վրին լցրել են, ստիան մինչև հասնում ես Ձաղիձոր, պտի ավտոն անպայման լվանաս, թե չէ վրիդ 5 հատ ակտ են գրում,- նեղսրտած ասում է Սեդրակ Սարգսյանը եւ հավելում,- ինչից պտի լավ ըլենք` ղեկավարությունի՞ց, թե՞ ինչից»:
Հովհաննես Քենցյանը 2011թ. հուլիսի 4-ին «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ Ձորագետ -Աթան ճանապարհի վերանորոգման նախահաշվային արժեքի մեջ տեղ են գտել նաև ճանապարհի մյուս հատվածների փլուզումների և սողանքների վերացումը. «Դրանց նախագծանահաշվային փաստաթղթերում ճարտարապետները տվել են «գաբիոնային» լուծումներ: Բացվելու են ճանապարհների կանալները, կարգավորվելու են կողնակները»:
Նշված աշխատանքներից որևէ մեկ այսօր կատարված չէ: Ավելին՝ ճանապարհի առանձին հատվածներում տեղադրված հենաձողերը սողանքների պատճառով սահել և թեքվել են:
Ճանապարհի վերանորոգման աշխատանքներին զուգընթաց ընթացել է նաև Մարց գետի վրա Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող ՀԷԿ-ի խողովակների տեղադրաման աշխատանքները, որոնք Մարց գյուղի տակի ճանապարհաեզրով հասնում են մինչև Ձորագետ ավանի գլխավոր մայրուղի: Խողովակները տեղադրել է քաղաքապետի եղբորը պատկանող «Արգիշտի» ՍՊԸ-ն: ՀԷԿ-ի հաստափոր խողովակների տեղադրման հետևանքով Ձորագետ-Մարց ճանապարհահատվածում առաջացել է սողանքի եւ փլուզման վտանգ:
«Եթե «Արգիշտի» ՍՊԸ-ն ցեմենտից հենապատնեշներով չվերացնի սողանքների վտանգ պարունակող հատվածները, ապա ճանապարհի որակյալ վերակառուցման և գրունտային աշխատանքների իրականացումը կվտանգվի: ՀԷԿ-ի սեփականատերը պետք է ճանապարհը բերի նախնական տեսքի և հանձնի վերանորոգողներիս` գրունտային աշխատանքները կատարելու համար»,- անցյալ տարվա հուլիսի 3-ին «Հետքին» ասել էր «Վլհագ» ՍՊԸ-ի տնօրենը:
Հենապատնեշներ մինչ օրս կառուցված չեն:
![]() |
![]() |
Սակայն ամենատխուրը ՀԷԿ-ի գործարկման ընթացքում Մարցի ձորի կուսական գեղեցկուհու` Մարց գետի՝ լեռնային ջրերի ուրախ քչքչոցի մարումն է: Իսկ տարածքի գյուղացիները խռով են աշխարհից` կարգին ճանապարհ ունենալու փշրված պատրանքների ու իրենց Մարց գետի մեռնող ցավից:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել