
Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, անփոփոխ թողեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Ծառուկյանն ազատ չի արձակվի:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, որի դեմ նրա պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել:
ԲՀԿ առաջնորդը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Հունիսի 16-ին Ազգային ժողովը որոշել է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև համաձայնության տվել նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությանը, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ու կալանքի միջնորդություն ներկայացվել դատարան։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, մերժել է պատգամավորին կալանավորելու միջնորդությունը, սակայն Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը այս որոշումը բեկանել է և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Մխիթար Պապոյանի որոշման դեմ բողոքներ են ներկայացրել և՛ դատախազությունը, և՛ Ծառուկյանի պաշտպանները։ Վճռաբեկ դատարանը դրանք վարույթ չի ընդունել, որից հետո գործն ուղարկվել էր առաջին ատյանի դատարան՝ քննության ու մակագրվել դատավոր Մնացական Մարտիրոսյանին:
Մեկնաբանել