HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Փիս հոգնում եմ դիմակից». արցախցի Մելինան ուզում է հայրենի գյուղ վերադառնալ

Դարպասի հակառակ կողմում Մելինայի նոր դասընկերուհիներն են՝ Մանեն, Անահիտն ու Մարիամը: Ծանոթության առաջին իսկ օրերից, Մելինայի անմիջականության շնորհիվ, մտերմացել են: Աղջիկներն էլ որոշել են դասերից հետո հյուր գնալ Մելինային: Ճիշտ է, դժվարությամբ են հասկանում Մելինայի արցախյան բարբառը, սակայն մոտավոր կռահելով՝ զրուցում են:

Մելինա Կիրակոսյանը մոր և երեք քույրերի հետ Հայաստան է տեղափոխվել Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո՝ Մարտակերտի շրջանից: Երեխաները նոր դպրոց են հաճախում, որպեսզի դասերից հետ չընկնեն, մինչև ավարտվի պատերազմն, և ուսումը շարունակեն հայրենի գյուղում:

Նոր դպրոցում Մելինան մի դժվարություն ունի՝ պարտադրում են դիմակ կրել:

«Ստեղ պիրալ են ջերմաչափով չափալ: Փիս հոգնում եմ դիմակից»,- ասում է Մելինան:

Աղջկա հայացքը չի կտրվում լուսանկարչական ապարատից: Զգում է, որ իրեն լուսանկարելու ենք: Պարբերաբար ուղղում է հագուստը, մազերը: Տեսնելով դստեր «անհանգստությունը»՝ մայրը ասում է, որ Մելինան շատ է սիրում լուսանկարվել: Առաջին բանը, որ Մելինան արել է նոր բնակավայրում, լուսանկարվելն ու առաջնագծում գտնվող եղբորն իր նկարներն ուղարկելն է եղել:

Մելինային դուր է գալիս նոր միջավայրը, սակայն կարոտում է իր գյուղն ու տունը: «Օզում եմ քինամ մեր տունը»,- ասում է աղջիկը:

Մելինան սովորում է 5-րդ դասարանում: Արդեն ստացել է դասագրքերը: Առարկաներից ամենաշատը մայրենի լեզուն է սիրում, ազատ ժամանակ սիրում է երգել, պարել:

Քիչ անց մոր հեռախոսին զանգ է գալիս: Մելինայի հայացքն ուղղվում է մոր կողմը: Առաջնագծում գտնվող եղբայրն էր զանգել: Մելինան անմիջապես ընդհատում է մեր զրույցը և վազում մոր կողմը, որպեսզի տեսազանգով եղբայրն իրեն էլ տեսնի, հետը խոսի:

Հեռախոսազրույցի ավարտից հետո Մելինայի մայրը՝ Աննա Կիրակոսյանը, խորը շունչ է քաշում, լսել էր որդու ձայնը: «Այ հիմա ջիգյարով կխոսամ»,- կատակում է Աննան: Նրա երկու որդիները և ամուսինը պաշտպանում են Արցախի սահմանները:

Կիրակոսյանների հետ նույն բնակավայրում է իրենց գյուղի հարևանը՝ Ռիտա Զախարյանը: Աննան ասում է, որ հայրենի գյուղում միշտ միասին են եղել, հետևաբար ռազմական դրության պայմանները չէին կարող իրենց հարաբերությունների վրա ազդել և միմյանց իրարից հեռացնել:

Տիկին Աննան աշխատել է ոսկու հանքավայրի ճաշարանում: Սեպտեմբերի 26-ին ուշ ժամի եկել է տուն, առանց որևէ կասկածելի բան նկատելու պառկել են քնելու: Լուսադեմին արթնացել են հրթիռակոծության ձայներից:

«Ձայներից հարևանս էլ արթնացավ ու տեսանք, որ սամալյոտ ա օդ բարձրացել: Հետո ամեն տեղից արդեն պայթյունի ձայներ էինք լսում»,- ասում է Աննան:

Հասկանալով պահի լրջությունը, որ այս անգամ կրակոցների ձայնն ու ուժգնությունը տարբերվում են սովորական դարձած ամենօրյա կրակոցներից՝ շտապ տեղափոխվել են Ստեփանակերտ: Մեկ օր անց, սակայն, զգացել են, որ այստեղ էլ ապահով չէ: Սկզբում երեխաներին է ավտոմեքենայով ուղարկել այլ բնակավայր, հաջորդ օրը ինքն է գնացել աղջիկների մոտ:

Աննայի ավագ դուստրը Արցախի պետական համալսարանի ուսանող է: Ստեփանակերտում բնակվել է վարձով: Մեկ օր անցկացրել են վարձով բնակարանի նկուղում: Երբ որոշել են տեղափոխվել այլ բնակավայր, իրենց հետ վերցրել են ձեռքի տակ եղած իրերն ու սննդամթերք՝ մեկ շիշ ձեթ, 10 հաց, որը գյուղից ուղարկել էին դստերը, սուրճ և մի քանի հագուստ:

Աննան վերցրել է նաև ձեռքի համակարգիչը, որպեսզի անհրաժեշտության դեպքում վաճառի՝ երեխաների համար հաց գնելու: Սակայն, դրա անհրաժեշտությունը չի եղել:

Թեև նոր բնակավայրում պայմանները լավ են, ոչ մի բանի կարիք չունեն, սակայն Աննայի և իր չորս աղջիկների ցանկությունը մեկն է՝ վերադառնալ հայրենի գյուղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter